Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքում ավարտվել են ԱՄՆ-ի և Ռուսաստանի պատվիրակությունների բանակցությունները։ Այս մասին հայտնում է ԱՄՆ պետքարտուղարին ուղեկցող BBC-ի թղթակիցը։

Լրագրողները տեղեկացան, որ ավարտվել է ռուսական և ամերիկյան պատվիրակությունների հանդիպումը։

«Աշխատանքային ճաշի» հետ միասին այն տևեց ավելի քան երեք ժամ։

Պուտինի օգնական Յուրի Ուշակովը ռուսական լրատվամիջոցներին տված իր առաջին մեկնաբանություններում ասել է, որ բանակցությունները «վատ չեն անցել»։

«Մենք պայմանավորվեցինք, որ հաշվի կառնենք միմյանց շահերը և, միևնույն ժամանակ, կզարգացնենք երկկողմ հարաբերությունները, քանի որ դրանում շահագրգռված են և՛ Մոսկվան, և՛ Վաշինգտոնը», - մեջբերում է նրան РИА Новости-ն։

Ռուսական ուղղակի ներդրումների հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիևը հայտարարել է «շատ դրական, կառուցողական երկխոսության» մեկնարկի մասին և ասել, որ այժմ ԱՄՆ-ն և Ռուսաստանը «շատ ավելի լավ են հասկանում միմյանց»։

«Ի տարբերություն Բայդենի վարչակազմի ժամանակ, որը երբեք չէր փորձում լսել Ռուսաստանի դիրքորոշումը, այժմ հստակ ջանքեր են գործադրվել երկխոսություն սկսելու, Ռուսաստանի դիրքորոշումը հասկանալու և այն հարցերը քննարկելու համար, որոնց շուրջ մենք համաձայն ենք»,- ասել է Դմիտրիևը։

Հիշեցնենք, որ բանակցությունները սկսվել են փետրվարի 18-ի առավոտյան։ Ամերիկյան կողմը ներկայացնում էին պետքարտուղար Մարկո Ռուբիոն, Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Վալցը և Մերձավոր Արևելքի հարցերով հատուկ բանագնաց Սթիվ Վիտկոֆը։

Ռուսաստանը ներկայացնում էին արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, Պուտինի արտաքին քաղաքականության հարցերով խորհրդական Յուրի Ուշակովը և Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիևը։

Նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ Ուկրաինան չի մասնակցի այդ բանակցություններին և չի ճանաչի բանակցությունների որևէ արդյունք, որը տեղի է ունենում առանց իր մասնակցության։