Ցավոք այսօր մենք ունենք մի իրավիճակ, երբ Արցախը հայաթափվել է, սակայն կուզենայի անպայման նշել, որ արցախահայությունը ինչպես 1980-ականներին, այնպես և այսօր լի է վճռականությամբ ևս մի անգամ, հույսով եմ արդեն վերջնականապես, հայացնել Արցախ։ Այս մասին այսօր՝ փետրվարի 20-ին՝ Արցախի վերածննդի օրը «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում նշեց Արցախի Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագիկ Բաղունցը։
«Շատ բարդ է այսօր ասել՝ ինչպիսին ենք մենք տեսնում հավաքական վերադարձի ճանապարհը, բայց այնուամենայնիվ, կարծում եմ՝ համաձայն բոլոր միջազգային նորմերին, համաձայն մեր պատմական անցյալի, մեր պատմական իրավունքի, մենք կհասնենք այդ նպատակին»,-ասաց նա:
Հարցին՝ դա հնարավո՞ր է ՀՀ գործող իշխանությունների օրոք, հատկապես հաշվի առնելով, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել է՝ մնայիք, կռվեիք, , Բաղունցը պատասխանեց. «Չէի ուզենա ևս մի անգամ անդրադառնալ Հայաստանի ԱԺ նախագահի այդ արտահայտություններին: Ի դեմս Արցախի Հանրապետության նախագահի, Ազգային ժողովի պատգամավորների մեծամասնության, պատգամավորների հայտարարության, միշտ շարք հասարակական կազմակերպությունների, տասնյակ հազարավոր մեր քաղաքացիների արձագանքը սոցիալական ցանցերում հստակ արտահայտվել է, սակայն մի բան եմ ուզում ավելացնել ՝ արցախցու կռվելը, հայ քաջորդնելի կռվելի ապացույցը այն է, որ Արցախի յուրաքանչյուր բնակավայրում կան տասնյակ, հարյուրավոր շիրիմներ մեր հերոս քաջորդիների, որոնք իրենց կյանքն են տվել հանուն Արցախի անկախության:
Այդ փոքր եռաբլուրները կամ Ղարաբաղում եղբայրական գերեզմանանոցները վկայություն են, արցախցին և ամբողջ հայ ազգը կռվել :Այսօր այս կամ այն հանգամանքների առումով մենք այսօր ունենք հայաթափված Արցախ, որը հույսով եմ ժամանակավոր է»:











