Հայաստանում եվրաինտեգրման թեման առավելապես ներքաղաքական բնույթ է կրում։ Այս մասին հայտնել է ռուսաստանցի քաղաքագետ Անդրեյ Արեշեւը՝ հեռակա ելույթ ունենալով «ԵՄ, թե՞ ԵԱՏՄ. Հայաստանի ընտրությունը նոր աշխարհի ձեւավորման պայմաններում» կլոր սեղանի ժամանակ։
Նրա խոսքով՝ եվրասիական եւ եվրոպական ինտեգրման համատեքստում հարցը երեկ չի առաջացել, թեման ակտիվորեն արծարծվել է ավելի քան 10 տարի առաջ ՀՀ-ի՝ Մաքսային միությանն անդամակցելու եւ ԵՄ-ի հետ ասոցիացման համաձայնագրի հետ կապված, եւ բոլորը հիշում են, թե ինչ կրքեր էին եռում։
Ռուսաստանցի քաղաքագետը հայտնել է, որ 2018-ին Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած իշխանափոխությունից եւ հատկապես 2020-ից հետո կտրուկ սրվել է եվրոպամետ հռետորաբանությունը, որն այժմ դրսեւորվում է մի շարք հասարակական-քաղաքական կուսակցությունների՝ ԵՄ անդամակցության հանրաքվե կազմակերպելու նախաձեռնությամբ։ «Ինչ է կատարվում հիմա եւ ինչին է օբյեկտիվորեն արձագանքել ռուսական կողմը։ Ալեքսեյ Օվերչուկի եւ Ռուսաստանի այլ ներկայացուցիչների ելույթը բոլորին է հայտնի ինչպես պաշտոնական, այնպես էլ ոչ պաշտոնական միջոցառումների ժամանակ։ Որ ՀՀ անդամակցությունը ԵԱՏՄ-ին եւ հիպոթետիկ անդամակցությունը ԵՄ-ին անհնար է, եւ կարծում եմ, որ ՀՀ-ում լուրջ ըմբռնում կա ե՛ւ այս հանգամանքի, ե՛ւ Բրյուսելի՝ լուրջ գործընթաց սկսելու դժկամության մասին։ Այս մասին են վկայում Պիտեր Ստանոյի եւ եվրոպացի այլ պաշտոնյաների ելույթները, որոնք ասում են, որ Հայաստանի՝ ԵՄ-ին անդամակցելու հարցը գործնական չէ։ Այս եւ այլ գործոններով պայմանավորված՝ Հայաստանի համար օրակարգը կրում է ներքաղաքական բնույթ։ ՀՀ իշխանությունները ակտիվորեն հանդես են գալիս պարենի մատակարարման այլընտրանքային ուղիներ ստեղծելու նոր գաղափարներով, ինչն այնքան էլ հասկանալի չէ՝ հաշվի առնելով ՀՀ-ի եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ այս ոլորտում սերտ հարաբերությունները։ Այս հարցում Հայաստանում շատ գաղափարներ մակերեսային են, անբավարար զարգացած եւ դիսոնանս են մտցնում այն հայտարարությունների համատեքստում, որոնք մենք լսում ենք ԵԱՏՄ-ում Հայաստանի մնալու անսասանության եւ երկկողմ հարաբերությունների դինամիկայի դրական բնույթի առումով»,- ասել է Արեշեւը։
Փորձագետը կարծում է, որ դինամիկ փոփոխվող աշխարհի համատեքստում Հարավային Կովկասից Ռուսաստանի դուրս գալու ակնկալիքներն իրենց չեն արդարացնի։ Խոսքը, առաջին հերթին, ռուս-ամերիկյան բարձր մակարդակի խորհրդակցությունների մեկնարկի մասին է։ Միեւնույն ժամանակ, Արեշեւը կոչ է արել չանտեսել Եվրոպայի դիրքորոշումը։ «Հայաստանի համար կարեւոր է չձեռնարկել հապճեպ քայլեր, որոնք կարող են հանգեցնել Ռուսաստանի Դաշնության հետ տնտեսական կապերի հետագա վատթարացման, ինչը ձեռնտու է երկու կողմերին։ Մոսկվան եւ Երեւանը շահագրգռված են ընդլայնել կապերը։ Կարեւոր է կովկասյան տարածաշրջանի նշանակությունը Ռուսաստանի համար արեւմտյան ուղղությամբ շարունակվող դժվարությունների համատեքստում։ Այս առումով, ինձ թվում է, որ եվրոպական հեռանկարների քննարկումը ՀՀ-ի համար առաջին հերթին ներքաղաքական բնույթ է կրում եւ որոշ չափով հանրային կարծիքի որոշակի մանիպուլացում է։ Սա նույնպես բավական լուրջ է եւ կարող է հասարակական կարծիքի որոշակի տեղաշարժերի հանգեցնել Հայաստանի Հանրապետությունում եւ Ռուսաստանի Դաշնությունում»,- հայտնել է քաղաքագետը։



























