Ադրբեջանը շուտով կստանա JF-17 Thunder կործանիչների առաջին խմբաքանակը Պակիստանից, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Նշվում է, որ դրա մասին հայտնել է Պակիստանի տեղեկատվության նախարար Աթթա Թառարը։
«Շուտով Ադրբեջանը Պակիստանից կստանա JF-17 Thunder կործանիչների առաջին խմբաքանակը, և ապագայում հնարավոր է դրանց համատեղ արտադրությունը»,- ասել է Թառարը։
Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները, Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ փետրվարի 24-ին Բաքվում մասնակցելով պակիստանա-ադրբեջանական գործարար համաժողովին, խոսել է երկու երկրների միջև պաշտպանական համագործակցության ամրապնդման կարևորության մասին։
Նա նշել է, որ JF-17 կործանիչները ևս մեկ թանկարժեք արտադրանք են, որոնց շուրջ Պակիստանն ու Ադրբեջանը ակտիվորեն համագործակցում են։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ նման կործանիչներ գնելու համար Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը պայմանագիր է կնքել Պակիստանի ավիացիոն համալիրի հետ։ Ըստ նրանց՝ պայմանագրի արժեքը 1,6 միլիարդ դոլար է, ներառում է նաև ռազմամթերքի մատակարարում և օդաչուների պատրաստություն։
JF-17C (Block III) տեսակի կործանիչների վերջին մոդիֆիկացիան է։ Ինքնաթիռը կարող է կրել տարբեր տեսակի 8 հրթիռ, ունի ժամանակակից ռադարներ և էլեկտրոնային պաշտպանական համակարգ։





























