Մոտ ապագայում մենք կարող ենք ականատես լինել ԱՄՆ-ի և Իրանի միջև շփումներին՝ Մերձավոր Արևելքում կայունություն հաստատելու և շահերի շրջանակը ուրվագծելու նպատակով։ Դրա մասին NEWS.am-ի «Ուժի գործոն» հաղորդման ժամանակ հայտարարել է թուրքագետ Վահրամ Տեր-Մաթևոսյանը։
Նա թյուր կարծիք է համարում այն տեսակետը, թե Իրանը թուլացել է։ «Թրամփն ասում է, թե ճնշում է գործադրելու, բայց հանդես է գալիս Իրանի հետ համաձայնության գալու օգտին»,- նշել է Տեր-Մաթևոսյանը։
Նրա գնահատմամբ՝ Մերձավոր Արևելքի ճգնաժամը, մասնավորապես՝ պաղեստինա-իսրայելական հակամարտությունն այս փուլում անհնար է լուծել Թրամփի պատկերացրած ձևով։
«Ի՞նչ է նշանակում դատարկել Գազան: Դա կանաչ լույս է Իսրայելի համար, մինչդեռ նման հայտարարությունները կարող են լրջագույն հետևանքներ ունենալ։
ԱՄՆ-ը պատրաստ չէ լայնածավալ ներկայություն ապահովել Մերձավոր Արևելքում, քանի որ դա շատ թանկ արժե և հակասում է Թրամփի արտաքին քաղաքականությանը, ըստ որի տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին ԱՄՆ մասնակցության նվազեցման ձգտում կա»,- ընդգծել է թուրքագետը։
Փորձագետը պարզաբանել է, որ կտրուկ փոփոխություններն անհնար են Մերձավոր Արևելքում, քանի որ դա կարող է անորոշություն ստեղծել և վնասել Իսրայելի և ԱՄՆ-ի շահերին։
«Պաղեստինյան հարցը դեռ կմնա օրակարգում։ Եգիպտոսի և Հորդանանի դիրքորոշումը ևս կարևոր կլինի տարածաշրջանում հետագա գործընթացների տեսանկյունից»,- եզրափակել է Տեր-Մաթևոսյանը։











