Ֆրանսիայի ազգային ժոողովի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունումից հետո Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդես է եկել հայտարարությամբ։
Թուրքական Zaman-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի հետ հանդիպումից հետո հայտարարել է, թե հետաքրքիր է այն իրավիճակը, որ Ֆրանսիայի Ազգային ժողովը հայկական բանաձեւն ընդունել է այն օրը, երբ 1979-ին Փարիզում ԱՍԱԼԱ-ի կողմից սպանվեց թուրք դիվանագետ։ «Մենք խստորեն քննադատում ենք այս որոշումը։ Ցավոք, այս ամենը Սարկոզիի քաղաքական նկրտումների հետ էր կապված։ Հիմա ես հարցնում եմ՝ Ֆրանսիայում խոսքի ազատություն կա՞։ Եվ պատասխանում եմ՝ ոչ։ Նրանք վերացրեցին ազատ քննարկելու մթնոլորտը»,-ասել է Էրդողանը՝ հավելելով, որ Ֆրանսիայի այս որոշումը երկու երկրների հարաբերություններում վերքեր կառաջացնեն։
Նշենք, որ Ֆրանսիայի Ազգային Ժողովն իր այսօրվա` դեկտեմբերի 22-ի նիստում, ընդունեց Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը: Օրենքը, ցեղասպանության փաստն ժխտելու դեպքում, նախատեսում է 1 տարվա ազատազրկում եւ 45 հազար եվրո տուգանք: Դեկտեմբերի 7-ին այս օրինագիծն ընդգրկվել էր Ֆրանսիայի ԱԺ իրավական հարցերի հանձնաժողովի օրակարգ:
Հիշեցնենք, որ Թուրքիան նախքան քվեարկությունը, Ֆրանսիային սպառնում էր լուրջ հետեւանքներով, ընդհուպ մինչեւ Փարիզում Թուրքիայի դեսպանի հետկանչը եւ առեւտրային հարաբերությունների խզումը:




























