Ֆրանսիայի Ազգային ժոողովի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունումից հետո Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է Ֆրանսիայի դեմ կիրառվելիք պատժամիջոցների մասին։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Էրդողանը նշել է 8 պատժամիջոց, որը կիրառվելու է Ֆրանսիայի դեմ.
1. Ֆրանսիայում Թուրքիայի դեսպանը կանչվում է Անկարա։
2. Չեղյալ է հայտարարվում քաղաքական, զինվորական եւ տնտեսական համատեղ գործունեություններում, կրթության եւ մյուս ոլորտներում կադրերի փոխանակումը։
3. Չեղյալ են համարվում զորավարժությունները։
4. Դադարեցվում է Ֆրանսիայի հետ ցանկացած քաղաքական շփում։
5. Ֆրանսիական ռազմական օդանավերն ամեն անգամ Թուրքիայի օդային տարածքից օգտվելու դեպքում պետք է առանձին-առանձին թույլտվություն ստանան։
6. Եվրամիության հետ տարվող ծրագրերում հրաժարվելու է համագործակցել Ֆրանսիայի հետ։
7. Մերժվելու է ֆրանսիական նավերին խարիսխ գցել Թուրքիայի նավահանգիստներում։
8. Թուրքիան չի մասնակցի 2012-ին նախատեսված Ֆրանսիա-Թուրքիա տնտեսական համաժողովին։
Նշենք, որ Ֆրանսիայի Ազգային Ժողովն իր այսօրվա` դեկտեմբերի 22-ի նիստում, ընդունեց Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը: Օրենքը, ցեղասպանության փաստն ժխտելու դեպքում, նախատեսում է 1 տարվա ազատազրկում եւ 45 հազար եվրո տուգանք: Դեկտեմբերի 7-ին այս օրինագիծն ընդգրկվել էր Ֆրանսիայի ԱԺ իրավական հարցերի հանձնաժողովի օրակարգ:




























