Ընդունելով ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագիծը, Ֆրանսիան եւս մեկ անգամ հաստատեց իր հավատարմությունը եւ կամքը պաշտպանել համամարդկային արժեքներն ու արդարության սկզբունքը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Հրայր Կարապետյանը:

«Սա ֆրանսիական ժողովրդավարության ամենավառ ցուցադրումն էր, որը պետք է օրինակ ծառայի բոլոր առաջադեմ երկրների եւ առաջադեմ հասարակությունների համար: Թուրքական շանտաժի ֆոնին, Ֆրանսիան եւս մեկ անգամ հաստատեց իր կամքի առկայությունը եւ ցուցադրեց իր դիրքորոշումը մարդկության դեմ ուղղված հանցագործությունների նկատմամբ, կայացնելով այդ որոշումը: Մենք հույս ունենք, որ Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատի այս որոշումից հետո երկրի Սենատը կաջակցի օրինագծին»,-ասաց հա:

Նշենք, որ այսօր` դեկտեմբերի 22-ին, Ֆրանսիայի Ազգային ժողովն ընդունեց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի քննարկումը: Օրենքով պատիժ է սահմանվում 45 հազար եվրո եւ մեկ տարվա ազատազրկում: Թուրքիան նախքան քվեարկությունը, Ֆրանսիային սպառնում էր լուրջ հետեւանքներով, ընդհուպ մինչեւ Փարիզում Թուրքիայի դեսպանի հետկանչը եւ առեւտրային հարաբերությունների խզումը: