«Հյուսիսային հոսք 2» նախագծի վերաբերյալ ԵՄ դիրքորոշումը չի փոխվել, այն չի համապատասխանում միության շահերին. Այս մասին Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ԵՀ ներկայացուցիչ Աննա-Կաիսա Իտկոնենը՝ մեկնաբանելով գազատարի շուրջ բանակցությունների մասին ԶԼՄ-ների հաղորդագրությունները։

«Մեր դիրքորոշումը չի փոխվել: Մեր կարծիքը հստակ է՝ «Հյուսիսային հոսքը» մեր ընդհանուր շահերին համապատասխանող նախագիծ չէ։ Դա չի դիվերսիֆիկացնում ԵՄ-ի էներգիայի աղբյուրները»,- ասել է նա:

Նրա խոսքով, եթե գազատարը վերականգնվի, այն պետք է գործի եվրոպական օրենսդրության շրջանակներում։ «Մեր դիրքորոշումը երկար տարիներ եղել է այն, որ եթե գազամուղը կառուցվի, այն պետք է գործի միջազգային և եվրոպական օրենսդրության շրջանակներում»,- հավելեց նա։

Ավելի վաղ, Financial Times-ը (FT)՝ հղում անելով աղբյուրներին, հայտնել էր, որ Nord Stream 2 AG-ի նախկին գործադիր տնօրեն Մաթիաս Ուորնիգը, ով թողել է ընկերության ղեկավարի պաշտոնը 2023 թվականի մարտի վերջին, ԱՄՆ ներդրողների աջակցությամբ առաջ է քաշում Nord Stream 2-ի վերագործարկման գործարքը։ Ըստ FT-ի՝ ներդրող կոնսորցիումներից մեկն արդեն մշակել է «Գազպրոմի» հետ գործարքի պլան՝ ընկերության նկատմամբ պատժամիջոցների հնարավոր չեղարկումից հետո ընկած ժամանակահատվածի համար։ Աղբյուրները նշում են, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի որոշ պաշտոնյաներ այդ գործընթացը համարում են Ռուսաստանի հետ հարաբերությունները վերականգնելու ջանքերի քայլ: Եվրոպական մի քանի առաջնորդներ արդեն մտահոգություն են հայտնել բանակցությունների վերաբերյալ, FT-ին ասել են եվրոպացի պաշտոնյաները:

Միևնույն ժամանակ, Financial Times-ը նշում է, որ նախագահի մամուլի քարտուղար Պեսկովը հերքել է այն հրապարակումը, որ գազատարի հետ կապված քննարկումների մասին տեղեկություններ կան։ Ուորնիգը թերթին ասել է, որ ինքը «ներգրավված չի եղել ամերիկացի քաղաքական գործիչների կամ բիզնեսի ներկայացուցիչների հետ որևէ քննարկման մեջ»։ «Գազպրոմը» հրաժարվել է մեկնաբանություններից, գրում է FT-ն։