Գյումրիում արտաքուստ տրամադրությունը հանգիստ են, բայց վստահաբար կարող եմ պնդել, որ մրցակցային ընտրություններ են սպասվում, թեկուզ մասնակիցների թիվը, ոնցոր թե ավելի պակաս է, քան նախորդ երկու ընտրությունների մասնակիցների թիվը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց «Դեմոկրտական այլընտրանք» կուսակցության ղեկավար Սուրեն Սուրենյանցը:
«Երկու գործոն կա, որոնք այս ընտրությունները խիստ մրցակցային են դարձնում, մեկն այն է, որ համարյա ամբողջ քաղաքական ներկապնակը մասնակցում է ընտրություններին,նաև Գյումրիում ազդեցիկ խմբավորումների ներկայացուցիչներ: Եվ երկրորդը, որ այս ընտրությունները, ուզենք, թե չուզենք, ժամանակագրորեն տեղի են ունենում ԱԺ ընտրություններին ընդառաջ, ինչը լրացուցիչ ինտրիգ է հաղորդում ընտրություններին: Այսինքն զուտ տեղային քաղաքային համատեքստից դուրս նաև ուժեղ քաղաքական համատեքստ է ավելացնում, ինչը օրինաչափ է քաղաքական պայքարի համար»,-ասաց նա:
Սուրեն Սուրենյանցը համոզմունք հայտնեց, որ շատ փոքր են իշխող ուժի հաղթելու շանսերը. «Ես վերջին մեկ ամսում ավելի շատ Գյումրիում եմ եղել, քան Երևանում, շատ ակտիվ շփումների մեջ եմ քաղաքացիների հետ, ընդ որում ոչ միայն թիմակիցներիս կամ համակիրներիս: Վստահաբար կարող եմ ասել, որ նույնիսկ վարչական ռեսուրսի չարաշահումը և նույնիսկ փսեւդո արևմտամետների դաշինքի առկայությունը ու Երևանի մոդելի կրկնության հեռանկարը, չեն կարող թույլ տալ, որպեսզի ՔՊ-ն միայնակ կամ կոալիցիայով իշխանություն ձևավորի Գյումրիում։
Հարցին՝ չկա՞ մտավախություն, որ Գյումրիում էլ կրկնվի Վեդիի, Վանաձորի կամ Փարաքարի սցենարը, Սուրենյանցը պատասխանեց. «Մի դեպքում է դա հնարավոր, եթե ավագանի անցած ընդդիմադիր ուժերը չկարողանան կոնսենսուսի գալ մեկ միասնական թեկնածուի շուրջ, ինչը շատ վատ կլինի իհարկե: Այդ դեպքում օրենսդրության սահմանված ժամկետներում ավագանին չի կարող ընտրել համայնքապետ և կնշանակվեն նոր ընտրություններ: , միայն այդ դեպքում է հնարավոր, դա մ
Մեր կուսակցությունը դեռևս մինչև քարոզարշավի մեկնարկը քաղաքական ընդդիմադիր ուժերին երեք սկզբունք է առաջարկել՝ քարոզարշավի ժամանակ մեկ-մեկ ու չթիրախավորել, չհարձակման պակտ, երկրորդը՝ որևէ կերպ, որևէ ձևով չհամագործակցել ՔՊ-ի հետ և երրորդը՝ ավագանիում արդեն հնարավոր դարձնել միասնական թեկնածուի շուրջ համաձայնությունները։ Եթե այս երեք սկզբունքները պահում ենք, ՔՊ-ի պարտությունը անխուսափելի է։
Տեսեք իրենք ինչ են անում, Գյումրիի հետ առնչություն ունեցող ամբողջ թիմին լցնում են ցուցակ՝ վարչապետի մամուլի խոսնակ, պատգամավորներ և այլն»:
Քաղաքական գործիչը վստահեցրեց, որ թեժ է լինելու պայքարը. «Թեժ է լինելու, որովհետև անցել են կեղծ հեղափոխական, էյֆորիկ տրամադրությունների ժամանակները, անցել է մարդկանց տարբեր մանիպուլյացիաներով մոլորեցնելու ժամանակները, և իրենք շատ լավ գիտեն, որ դեմ հանդիպման մնում են հասարակության հետ, որևէ շանս հաղթելու ցիվիլ ընտրություններով իրենք չունեն: Նույնիսկ վարչական ռեսուրսն եմ ես ցիվիլի մեջ ներառում:
Բայց սա ես նաև զգում եմ, որ պետական ամբողջ ապարատը փորձում են կոնսոլիդացնել, դնել իմպերատիվ հրահանգի տակ, սա էլ է տեսանելի: Առայժմ ակնառու չեն փաստերը, որովհետև դեռևս ակտիվ փուլի մեջ չենք մտել, բայց կասկած չունենաք, որ քարոզարշավի մեկնարկից հետո դա էլ կտեսնենք։ Հիշու՞մ եք Երևանում ինչ տեսարաններ էին տեսնում և օրինակ ութերորդ, յոթերորդ դասարանների աշակերտներին ուղղակի ստիպողաբար տանում էին Ավինյանի հետ հանդիպումներին: Նույն բանը, ըստ երևույթին այստեղ ենք տեսնելու, ավելի գռեհիկ դրսևորումներով»:
Սուրեն Սուրենյանցը նշեց, որ իրենց կուսակցության համամասնական ցուցակում ընդգրկված է 23 մարդ. «Ցուցակը ղեկավարելու է գործարար, սպորտսմեն Արտյոմ Ղարաղազարյանը: Մենք մեր շանսերը բավականին լավ ենք գնահատում, համենայնդեպս անցողիկության խնդիր ընդհանրապես չունենք»:











