Աշխարհի ամենաարագ CR450 գնացքի (որի թեստային արագությունը 450 կմ/ժ է, իսկ շահագործման արագությունը՝ 400 կմ/ժ) նախատիպերը ներկայում տիպային փորձարկումներ են անցնում Պեկինի օղակաձեւ երկաթուղում։ Այս մասին տեղեկացրել է «Սինհուան»։
Գնացքի նոր մոդելն առաջին անգամ ներկայացվել է Պեկինում 2024թ. դեկտեմբերի 30-ին։ Այն զգալիորեն ավելի արագ է, քան ներկա CR400 արագընթաց գնացքները, որոնք շարժվում են 350 կմ/ժ արագությամբ։
Գնացքն արտադրող CRRC կորպորացիայի փոխնախագահ Վան Ֆենն ընդգծել է, որ CR450-ը համակողմանի առաջընթաց է բարձր արագությամբ գնացքների տեսության, տեխնոլոգիայի, սարքավորումների, ստանդարտների եւ դրանց գործառնական կառավարման մեջ, տեղեկացրել է «Կեցզի ժիբաոն» (Science and Technology Daily):
Վան Ֆենը նշել է, որ աննախադեպ աշխատանքային արագության՝ 400 կմ/ժ, հասնելու համար ինժեներները բարելավել են քարշիչ ուժը, դինամիկ բնութագրերը եւ պանտոգրաֆիկական համակարգերը:
Նրա խոսքով՝ գնացքն օգտագործում է ջրով հովացվող, մշտական մագնիսով ձգող համակարգ, բարձր կայունությամբ եւ բազմահամակարգային նորարարությամբ նոր սերնդի վագոն՝ բարձր արագություն պահպանելու համար, ասել է Վան Ֆենը։
Ինչ վերաբերում է էներգախնայողությանը, ապա վագոնի օպտիմալացված դիզայնը զգալիորեն նվազեցնում է օդի դիմադրությունը, իսկ նոր թեթեւ տեխնոլոգիաներն ու նյութերը թույլ են տալիս նվազեցնել գնացքի քաշը 10, շարժման դիմադրությունը՝ 22 տոկոսով, նշել է նա։
Աղմուկի նվազման տեխնոլոգիաներն էլ ավելի են տարբերում այս մոդելը նախորդներից: Յոթ նորարարական տեխնոլոգիաներ, ներառյալ ձայնը կլանող նյութերը եւ օպտիմալացված աերոդինամիկ ձեւերը, նվազեցնում են խցիկի աղմուկի մակարդակը 2 դեցիբելով՝ ուղեւորներին ապահովելով ավելի հարմարավետ ճանապարհորդությամբ, ավելացրել է Վան Ֆենը:
Բացի այդ, նրա խոսքով՝ ինտելեկտուալ կատարելագործումները թույլ կտան CR450-ին գերազանցել այլ մոդելներն այնպիսի ոլորտներում, ինչպիսին են շահագործումը եւ վերահսկումը, փոխգործակցությունը վագոնավարի հետ, անվտանգության մոնիթորինգը եւ ուղեւորների սպասարկումը։





























