Հայաստանի ԱԺ նախագահ Սամվել Նիկոյանն այսօր` դեկտեմբերի 23-ին, Ազգային ժողովում հանդիպել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի եւ նրա գլխավորած պատվիրակության հետ:
Հանդիպմանը ներկա են եղել ԱԺ փոխնախագահ Սամվել Բալասանյանը, մշտական հանձնաժողովների նախագահներ, ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչներ:
ԱԺ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Սամվել Նիկոյանը նշել է, որ Հայաստանի անկախության 20 տարիներից ի վեր Իրանի հետ բարեկամական հարաբերությունները մշտապես գտնվել են զարգացման մեջ: Երկու երկրների միջեւ իրագործվել են մի շարք արդյունավետ ծրագրեր: ՀՀ ԱԺ նախագահի խոսքերով, ակնկալվում է, որ այն ծրագրերը, որոնք նախատեսված են, նույնպես հաջողությամբ կիրագործվեն: Տնտեսական հարաբերությունների հետագա զարգացման տեսանկյունից կարեւորվեց էներգետիկայի եւ տրանսպորտի բնագավառներում նախագծերի իրականացումը:
Իրանի նախագահը նույնպես կարեւորել է Հայաստանի եւ Իրանի միջեւ առկա հարաբերություններն ու համագործակցությունը` համոզմունք հայտնելով, որ ՀՀ ԱԺ նախագահն ու պատգամավորները կաջակցեն նախատեսված ծրագրերի իրականացմանը:
ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ ստորագրված է միջխորհրդարանական համագործակցության հուշագիր, տեղի են ունեցել խորհրդարանների նախագահների փոխայցելություններ եւ հանդիպումներ: Նա պատրաստակամություն հայտնեց շարունակել այդ հանդիպումներն ու զարգացնել համագործակցությունը: ԱԺ նախագահը բարձր գնահատեց ՀՀ Ազգային ժողովի Հայաստան-Իրան եւ ԻԻՀ Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամության պատգամավորական խմբերի գործունեությունը, որոնց փոխայցելություններն աշխուժություն եւ նոր լիցք են հաղորդում ոչ միայն միջխորհրդարանական կապերին, այլեւ միջպետական հարաբերություններին եւ հնարավորություն են տալիս ավելի լավ ճանաչել իրար եւ ծանոթանալ միմյանց տեսակետներին: Սամվել Նիկոյանը նշեց, որ տարիներ առաջ պատգամավորական բարեկամության խմբի կազմում այցելել է ԻԻՀ եւ տպավորիչ հիշողություններ ունի ցուցաբերված ջերմ ընդունելությունից:
Իրանի նախագահն անհրաժեշտ է համարել միջխորհրդարանական կապերի ակտիվացումը:
Երկուստեք կարեւորվել է համագործակցությունը միջազգային կառույցներում:
ՀՀ ԱԺ նախագահը բարձր է գնահատել նախագահ Մահմուդ Ահմադինեժադի եւ Իրանի ժողովրդի ավանդական ջերմ վերաբերմունքը հայ համայնքի ներկայացուցիչների նկատմամբ եւ նշել, որ նրանք բարեկամության կամուրջ են երկու երկրների եւ ժողովուրդների միջեւ:




























