2024 թվականի ընթացքում շարունակել ենք Ռուսաստանի դաշնության հետ մեր բարձրագույն և բարձր մակարդակներով երկխոսությունը, տեղի են ունեցել վարչապետ Փաշինյանի և նախագահ Պուտինի երկու հանդիպում, երկու հեռախոսազրույց: Այս մասին, այսօր՝ մարտի 14-ին, ԱԺ-ում կառավարության ծրագրի 2024-ի կատարողականի քննարկման ժամանակ հայտարարեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
«Տարվել են աշխատանքներ առանձին, այդ թվում տարածաշրջանային հարցերի շուրջ միակողմանի մեկնաբանություններից խուսափելու համար:
Տարվա վերջում նախատեսված էր իմ այցը Ռուսաստանի Դաշնություն և հանդիպումը, շփումները իմ գործընկերոջ՝ Սերգեյ Լավրովի հետ, տեխնիկական որոշ պատճառներով այցը հետաձգվեց: Բայց դա տեղի ունեցավ արդեն այս տարվա սկզբին, հունվարի կեսերին»,-ասաց նա:
Անդրադառնալով Հայաստան-ԱՄՆ հարաբերություններին, ԱԳ նախարարն ասաց. «Միացյալ Նահանգների այդ տարին շատ հետաքրքիր զարգացումներ եղան: Եթե կարճ ասեմ, ապա Երևանում անցկացված ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը պետք է հիշեմ, որին հաջորդեց արդեն այս տարվա սկզբին Վաշինգտոնում Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ռազմավարական գործընկերության մասին փաստաթղթի ստորագրումը, որն իհարկե նշանավորեց հարաբերությունների մակարդակի բարձրացումը:
Խոսվեց այն մասին, որ այս գործընկերությունը հաստատվել և համաձայնեցվել է ամերիկյան նախորդ վարչակարգի հետ և չի շարունակվելու նոր վարչակազմի հետ: Իհարկե, դա այդպես չէ և նոր վարչակազմի ներկայացուցիչները արդեն անցումային փուլում ընդգրկված են եղել աշխատանքներում: Հիմա կարող եք փաստել, որ մեր ակտիվ աշխատանքները ԱՄՆ նոր վարչակազմի, նախագահ Թրամփի, նրա թիմի ներկայացուցիչների հետ շարունակվում են:
Հիշում ենք վարչապետի հանդիպումը փոխնախագահ Վենսի հետ, կա աշխատանք թիմի այլ ներկայացուցիչների հետ, առաջիկայում ևս կլինեն որոշակի նորություններ, ի դեպ նույն ռազմավարական համագործակցության փաստաթղթով նախատեսված որոշ բաների կյանքի կոչման ուղղությամբ»,- հայտարարեց Արարատ Միրզոյանը:





























