ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի դիմաց իրականացված բողոքի ակցիայի  ժամանակ «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը նշեց, որ ՄԱԿ–ն անելիք ունի հայ գերիների խնդրի հարցում։

«Նրանք ասում են` գիտեն, որ մենք ճիշտ ենք, որ իրենք վերահսկում, նայում են։ Ես ասում եմ` այլևս նայելու ժամանակ չկա։ Մենք գործողություն չենք տեսնում։ Ինչ է կատարվում Բաքվի բանտերում` փակ, գաղտնի, ապօրինի դատավարություն։ Ես ավելորդ եմ համարում ասել, թե ինչու են առաջին հերթին այդ մարդկանց տարել այդտեղ , որովհետև նրանք պայքարել են ինքնորոշման իրավունքի համար»,–ասաց Թանդիլյանը՝ նշելով, որ ՄԱԿ-ը պետք է պահանջի Բաքվի դատարաններում իր ներկայացուցչի մասնակցությունը և ընդունի միայն գրավոր մերժումը Բաքվից։

Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանն էլ նշեց, որ 21-րդ դարում աշխարհում խաղաղության և անվտանգության համար ստեղծված կառույցն ուղղակի չի կարողանում կամ չի անում այն քայլերը, որոնք անհրաժեշտ են իր իսկ կանոնադրական նպատակների և հիմնարար սկզբունքների պաշտպանության համար: 

«Սա համատարած է աշխարհում, բայց առնվազն մեր պարագայում մենք տեսնում ենք, որ այդ անգործությունը շատ ավելի ընդգծված է, կան մեխանիզմներ, կան գործողություններ, որ պետք է ձեռնարկվեն՝ ապահովելու համար առնվազն Բաքվում ապօրինաբար պահվող մեր պատանդների առողջական վիճակը, պահման պայմանները և, իհարկե, վերջ դնելու այդ դատական փաստին և անձանց հայրենադարձնելու իրենց հայրենիք»,- ասաց նա։

Մանե Թանդիլյանը կոչ արեց ՀՀ քաղաքացիներին ակտիվ գործողություններ ձեռնարկել և ամեն առիթով պահանջներ ներկայացնել միջազգային կազմակերպություններին, սփյուռքին էլ կոչ արեց բողոքի ակցիաներ կազմակերպել Ադրբեջանի դեսպանատների մոտ։

«Շատ կարևոր է, որ միջազգային հանրությունը տեսնի, որ ՀՀ քաղաքացիները պահանջատեր են, պատասխանատու են իր հայրենակիցների համար և սպասում են նրանց վերադարձին։ Միջազգային հանրությունը պետք է տեսնի, որ Հայաստանի Հանրապետությունը հայ ժողովուրդն է, և ոչ թե Նիկոլ Փաշինյանը և իր խմբակը»,–բողոքի ակցիայի ժամանակ ասաց «Ապրելու երկիր« կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը։

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմադիրը հայտարարեց, որ բողոքի մարտի 20–ին, ժամը 11:00-ին կրկին բողոքի ակցիա կիրականացվի՝ Բաքվում ապօրինի պահվող հայ գերիների վերադարձի պահանջով։