Մոտավորապես, նման մի միտք Վարդան Օսկանյանն էր ասել, նման բան ասելը նշանակում է բանակցությունները մտցնել փակուղի և իրավիճակը ուղղակի սրել: Այս մասին, այսօր՝ մարտի 17-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով հարցին, թե հնարավո՞ր է, որ Հայաստանը, որպես խաղաղության պայմանագրի ստորագրման նախապայման, Ադրբեջանին ներկայացնի գերիներին և պատանդառված անձանց հետ վերադարձի հարցը։

«Դա չի արվում նախապայմանների տրամաբանությամբ, դա արվում է դիվանագիտական ճանապարհներով, ինչը որ արվել է վերջին չորս տարվա ընթացքում և 150-ից ավելի գերիներից մենք այս պահին ունենք հաստատված 23 գերի, որոնցից մի մասը 12-ը, եթե չեմ սխալվում, արդեն 2023 թվականի ժամանակ են գերեվարվել և պատանդ վերցվել:

Ուլտիմատումներ ներկայացնել որևիցե կողմին իրենք մեզ, մենք իրենց, դա նշանակում է ուղղակի վերահաստատել այն, ինչ որ անում են այսօր մեր պետության դեմ աշխատող որոշ կողմեր և մարդիկ»,-ասաց նա:

Հարցին՝ կա՞ հստակ պայմանավորվածություն, որ խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո կամ ընթացքում այն տարածքները, որոնք օկուպացրել է Ադրբեջանը, իրենք դուրս կգան այդ տարածքներից, ԱԺ նախագահը պատասխանեց. «Այդ հարցի պատասխանը մեր սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովի ոչ թե տիրույթում է, այլ տրամաբանության մեջ է: Այն տեղերում, որտեղ որ Հայաստանն է առաջ, Հայաստանն է, դուրս գալու է, այն տեղերում, որտեղ որ Ադրբեջանն է առաջ, Ադրբեջանն է դուրս գալու: Այդ տրամաբանությունը արդեն իսկ դրված, ստորագրված և Ադրբեջանի նախագահի կողմից վերահաստատված է:

Կա ֆիքսված գիծ Իրանի սահմանից մինչև Վրաստան, և համաձայնություն, որ սենց հերթով գալու ենք: Նաև անկլավների հարցն ենք քննարկելու, մեր անկլավի հարցն ենք քննարկելու, իրենց հարցն ենք քննարկելու: Մեզ համար հասկանալի է, մենք կառավարում ենք այդ այդ ռիսկերը և տեսնում ենք, թե ոնց է դա գնալու»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է նրան, որ սահմանազատվում են միայն այն հատվածները, որտեղ հայկական կողմը պետք է հետ քաշվի, եւ չի սկսվում, օրինակ, Սյունիքից, Ջերմուկից, որտեղ Ադրբեջանն է առաջ եկել, Ալեն Սիմոնյանն ասաց, որ որոշվել է, որ սահմանազատում պետք է արվի Վրաստանից մինչեւ Իրանի սահման, ապա ընդգծեց. «Հիմա դուք ասում եք՝ մեզ ձեռք է տալիս Սյունիքից սկսել, այն մտավախությունից ելնելով, որ կարող է իրենք ուզենան Սյունիքը պայմանական ինչ-որ ձևով ճնշման ենթարկել, բայց ֆիքսել ենք, չէ՞, որ այնտեղից այնտեղ իջնում է սահմանը»: