Իրանի հանդեպ Թրամփի քաղաքականությունն անհետեւողականության տպավորություն է ստեղծում այն պատճառով, որ ԱՄՆ ներսում սկսվել է սուր պայքար իսթեբլիշմենթի երկու թեւերի միջեւ։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Լիհայ ամերիկյան համալսարանի պրոֆեսոր Արման Գրիգորյանը։
Նա նշել է, որ մի թեւը շատ ագրեսիվ է եւ պաշտպանում է Իրանի դեմ ռազմական գործողությունները՝ Թեհրանի միջուկային համաձայնագիրը համարելով մեծ սպառնալիք ինչպես ԱՄՆ շահերի, այնպես էլ տարածաշրջանային անվտանգության տեսանկյունից։ «Այս ուժերը կարծում են, որ Իրանին չի կարելի թույլ տալ միջուկային զենք ունենալ»,- նշել է փորձագետը։
Նա տեղեկացրել է, որ ԱՄՆ-ում կա եւս մեկ թեւ, որը կարծում է, որ Վաշինգտոնը պատրաստ չէ այնպիսի լուրջ ռազմական գործողությունների, որոնք չեն կարող ԱՄՆ-ի համար դրական ելք ունենալ՝ հաշվի առնելով Աֆղանստանի եւ Իրաքի փորձը։ Միաժամանակ Գրիգորյանը հիշեցրել է, որ Իրանն ավելի լուրջ երկիր է, քան Աֆղանստանն ու Իրաքը։
Նրա խոսքով՝ կարծիք կա, որ ԱՄՆ-ը Իրանի դեմ ռազմական գործողություններ իրականացնելու լավ տարբերակներ չունի, եւ եթե ամեն ինչ սահմանափակվի օդային հարվածներով, դա դժվար թե ծառայի իր նպատակին, քանի որ Թեհրանը շատ արագ կվերականգնի այն, ինչը կարող է ոչնչացվել օդային հարվածներով։
«Ինչ վերաբերում է Իրանում օկուպացիային եւ ռեժիմի փոփոխությանը, ապա դա մեծ զոհողություններ ու ծախսեր է պահանջում։ Հայտնի չէ նաեւ, թե Իսրայելից բացի որ այլ ուժերը կարող են աջակցել ԱՄՆ նման որոշմանը»,- նկատել է քաղաքագետը։
Նա կարծում է, որ Իրանի վերաբերյալ Թրամփի տարբեր հայտարարությունները կարող են ընդամենը ներամերիկյան այս պայքարի դրսեւորումը լինել։
Նրա գնահատմամբ, միջուկային զենք ձեռք բերելու Իրանի կարողությունների զարգացմանը զուգահեռ՝ Իրանին հարվածելու ճնշումը կաճի։ Գրիգորյանը հույս է հայտնել, որ այս գաղափարի հակառակորդները կհաղթեն, բայց որեւէ բան երաշխավորել հնարավոր չէ։
Նա ընդգծել է, որ Իսրայելն Իրանը համարում է իր ամենամեծ խնդիրը, եւ Թեհրանի կողմից միջուկային զենք ձեռք բերելու հնարավորությունը Թել Ավիվը դիտում է որպես գոյության սպառնալիք, ուստի հրեական պետությունը փորձում է ամեն գնով կանխել դա։
Քաղաքագետը հիշեցրել է նաեւ Իսրայելի ազդեցությունն ԱՄՆ-ում. «Եթե Թրամփին հաջողվում է անկախություն դրսեւորել շատ հարցերում եւ դիմակայել, այսպես կոչված, Deep State գործողություններին, ապա այս դեպքում ԱՄՆ նախագահի համար ավելի դժվար է դա անել»,- ավելացրել է փորձագետը։











