«Anonymous» հաքերներն իրենք իրենց տոնական նվեր են մատուցել` կոտրելով աշխարհահռչակ «Stratfor» վերլուծական ընկերության կայքը: Աշխարհում տեղի ունեցող իրադարձութունների մասին տեղեկությունների հավաքագրմամբ եւ հետազոտությամբ զբաղվող ընկերության ծառայությունից օգտվում են ԱՄՆ բանակը, ներդրումային  «Goldman Sachs» ընկերությունը: «Stratfor»-ը նաեւ անվանում են «ստվերային ԿՀՎ»:

Հաքերները «Stratfor»-ի սերվերը ջարդելու մասին հայտարարել են  Twitter-ի իրենց միկրոբլոգում` նշելով, թե հաջողվել է գողանալ մոտ 200 գիգաբայթ տեղեկատվություն,  այդ թվում` աշխատակիցների գրագրություններն իրենց սպառողների հետ, անձնական տվյալներ, նաեւ բանկային քարտերի համարներ: «Anonymous»-ը հայտարարել է, որ դրանում մեղավոր են  «Stratfor»-ի  ծրագրավորողները,  ովքեր նեղություն չեն կրել ծածկագրել անձնական տվյալները:

«LulzXmas-ը միայն սկսվում է: Մնացեք մեզ հետ, զվարճությունը երաշխավորված է, հակառակ դեպքում մենք ձեզ կվերադարձնենք ձեր փողերը»,-խոստացել են հաքերները:

Նշենք, որ «ստվերային ԿՀՎ»-ի տուժած հաճախորդներից մեկն էլ ԱՄՆ ներքին անվտանգության վարչության աշխատկիցներից մեկն է եղել, ում անձնական տվյալները հրապարկվել են համացանցում եւ նա զրկվել է իր բանկային քարտի վրա եղած գումարից: «Ինչո՞ւ ես: Ես հարուստ չեմ»,-բողոքել է նա լրագրողներին: