Միացյալ Նահանգները Սաուդյան Արաբիայում այսպես կոչված «անուղղակի բանակցություններ» է կազմակերպում Ուկրաինայի և Ռուսաստանի միջև։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի հարցով ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելլոգը՝ լրագրող Գլեն Բեքին տված հարցազրույցում։ «Այս շաբաթ մենք այսպես կոչված տեխնիկական թիմեր ենք ուղարկում այսպես կոչված անուղղակի բանակցությունների Սաուդյան Արաբիա: Երկու կողմերն էլ (Ռուսաստանը և Ուկրաինան) կժամանեն, բայց նրանք կլինեն տարբեր սենյակներում», - բացատրել է Քելլոգը:

Նրա խոսքով, այս հանդիպումների հիմնական նպատակն է հստակեցնել Մոսկվայի եւ Կիեւի դիրքորոշումները հնարավոր զինադադարի հարցում։ «Իրականում սա Էր-Ռիադի սենյակների միջև մաքոքային դիվանագիտության ձևաչափ է: Տեսնենք՝ կարո՞ղ ենք հասնել համապարփակ զինադադարի։ Սա կլինի պատերազմի ավարտի առաջին քայլը»,- հավելել է Թրամփի հատուկ ներկայացուցիչը։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ավելի վաղ հայտարարել էր, որ ուկրաինական և ամերիկյան տեխնիկական թիմերը կհանդիպեն Սաուդյան Արաբիայում մարտի 24-ին։ Նույն օրը ամերիկյան կողմը հանդիպում կունենա ռուսական պատվիրակության հետ, նշել է նա։ Զելենսկու խոսքով՝ Կիևը կպատրաստի քաղաքացիական ենթակառուցվածքային օբյեկտների ցուցակ, որոնք չպետք է ենթարկվեն ռուսական զորքերի գնդակոծման։

Մարտի 19-ին ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Թամմի Բրյուսը հայտարարել է, որ Սաուդյան Արաբիայում ամերիկյան և ռուսական կողմերի միջև բանակցությունները կանցկացվեն «բարձր շտաբի» մակարդակով և կկենտրոնանան տեխնիկական հարցերի վրա։

Միաժամանակ, ինչպես հայտնում է Sky News-ը, ուկրաինական պատվիրակության կազմում կլինեն Ուկրաինայի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը և նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Պավլո Պալիսան։