Այո, տեղի է ունեցել անհետ կորածների հանձնաժողովների հանդիպում, ընթացքում բազմաթիվ հարցեր են քննարկվել, պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ նշված աշխատանքները կշարունակվեն: Այս մասին, այսօր՝ մարտի 21-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԱԾ ծնորեն Արմեն Աբազյանը:
«Դրա վերաբերյալ ես հանդիպում եմ ունեցել նաեւ ծնողների հետ, տեղեկացվել են իրենք այդ հանդիպման արդյունքների եւ շարունակական աշխատանքի վերաբերյալ: Չեմ ուզում մանրամասներ կետերով, քանի որ դա որոշակի գաղտնիություն է պարունակում»,-ասաց նա:
Հարցին՝ աճյուններ տեղափոխելու ժամկետներ կարո՞ղ է նշել, Աբազյանը պատասխանեց. «Չեմ կարող ժամկետներ նշել: Սրանից ամիսներ առաջ ես ասում էի, որ հանդիպում է տեղի ունենալու և այն վերջապես տեղի ունեցավ փետրվարի 7-ին: Ամեն ինչ արվում է, որպեսզի հաջորդ հանդիպումը տեղի ունենա եւ դրա արդյունքում այն արձանագրված կետերը, որ հուզում է անհետ կորածների ծնողներին, գերեվարվածներին, այդ հարցերի պատասխանը ստանանք»:
Նա ընդգծեց, որ հանդիպումը կոնկրետ վերաբերել է գերիների անհետ կորածների հարցերին, միայն քննարկվում է նրանց վերադարձի, հայտնաբերման, որոնողական աշխատանքներին:
Հարցին՝ անհետ կորածների հարցով ընթացող բանակցություններից շոշափելի արդյունքներ կա՞ն, ԱԱԾ տնօրենն արձագանքեց. «Ես չեմ ուզում շտապել և որևէ տրամադրության շոշափում արձանագրել, բայց դուք համոզված եղեք, որ հայկական կողմը ամեն ինչ անելու է, որպեսզի մենք այդ ուղղությամբ անպայման հաջողություն ունենանք: Ես հուսով եմ»:
Ինչ վերաբերում է գերիների վերադարձի հարցով արդյունքներին, նա ասաց. «Շոշափելի արդյունքների մասով այս պահին չեմ ուզում որևէ բան բարձրաձայնեմ։ Հիմա դուք ուզում եք, դուք ուզում եք այդ ցավոտ ու շատ բարդ հարցի շուրջ պատասխան ստանաք, իսկ այդ պատասխանը կարող է լինի ու ձեզ չգոհացնի, ոչ թե չգոհացնի, որ մենք հաջողություններ չունենք, այլ չգոհացնի, որովհետև կոնկրետ այսօր հաջողություն չունենք»:











