Հայ-թուրքական սահմանի Մարգարայի անցակետով հումանիտար բեռների տեղափոխումն իրականացրած «Ապավեն» միջազգային բեռնափոխադրող ընկերության բեռնատարներին ուղեկցել են թուրքական ճանապարհային ոստիկանության ծառայողները: Այս մասին NEWS.am-ին հայտնեց «Ապավեն» միջազգային բեռնափոխադրող ընկերության գլխավոր տնօրեն, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ, Հայ-թուրքական գործարար զարգացման խորհրդի համանախագահ Արսեն Ղազարյանը:

«Թուրքիան բացել է ճանապարհը, ապահովել է մեր վարորդների անվտանգությունը և որպես հումանիտար բեռ ճանապարհային հարկ չի գանձել»,-ասաց մեր զրուցակիցը՝ հաստատելով, որ հայկական չորս բեռնատարները (երկուսը դեղորայքով, իսկ երկուսը սննդամթերքով բեռնված) բարեհաջող տեղ են հասել և մինչև մարտի 31-ը նույն ճանապարհով հետ կվերադառնան:

Անդրադառնալով հայ-թուրքական գործարար զարգացման խորհրդի գործունեությանը, Ղազարյանը նշեց, որ պարբերաբար հանդիպումներ են ունենում թուրք գործարարների հետ և նրանց հետ մշտական կապի մեջ են:

«Թուրքիայից Հայաստան հիմնականում միակողմանի ապրանքաշրջանառությունը, որը մշտապես իրականացվել է երրորդ երկրի տարածքով, երբեք էականորեն չի փոխեվել, բացի պատերազմյան մեկտարյա շրջանից»,-ասաց նա:

 Հիշեցնենք, որ հայ-թուրքական գործարար զարգացման խորհրդի գործունեությանը  հայկական կողմի նախաձեռնությամբ ժամանակավորապես դադարեցվել էր 2020 թվականի 44 օրյա պատերազմի ընթացքում, սակայն դեպի Հայաստան թուրքական ապրանքների ներմուծման արգելքի չեղարումից հետո հայ և թուրք գործարարների հարաբերությունները վերականգնվել էին:

Արսեն Ղազարյանը հույս հայտնեց, որ Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումից հետո Թուրքիան Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ կհաստատի, որի տրամաբանական հաջորդ քայլն ըստ գործարարի՝ կլինի Թուրքիայի հետ սահմանների մշտական բացումը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ  միջազգային բեռնափոխադրող ընկերություններից մեկի 4 բեռնատարներ մարտի 21-ին շարժվել են դեպի հայ թուրքական սահմանի «Մարգարա» անցակետ՝ Սիրա մեկնելու նպատակով: Կառավարության որոշմամբ՝  մարտի 21-ից մարտի 31-ը գործարկվել է Թուրքիայի հետ սահմանին գտնվող «Մարգարա» անցակետը՝ Հայաստանի անունից Սիրիա ուղարկված մարդասիրական օգնությունը Թուրքիայի տարածքով, ցամաքային ճանապարհով տեղափոխելու նպատակով: