Երիտասարդ հետախույզ Ելենա Կրասռուզի պատմությունը նվիրված է բոլոր նրանց, ովքեր համարձակություն ունեն ընտրելու իրենց ուղին։ Գրքի հեղինակը Լենա Գուլխասյանն է, որին իր գործընկեր լրագրողները ճանաչում են որպես Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան մամուլի քարտուղարի։
Նախօրեին կայացել է «Ելենա Կրասռոուզը և Տարոյի գաղտնիքները» ստեղծագործության ռուսերեն և ֆրանսերեն տարբերակների երևանյան շնորհանդեսը։ Ֆրանսերեն տարբերակը էլեկտրոնային ձևաչափով վաճառքի է հանվել անցյալ տարվա փետրվարից և արդեն ուրախություն է պատճառում դետեկտիվ ժանրի երկրպագուներին Ֆրանսիայում, Բելգիայում, Կանադայում և Իտալիայում:
«Գիրքը գրել եմ որպես հոբբի, չեմ կարծում, որ դա իմ լավագույն կամ վատագույն աշխատանքն է: Դա հուզիչ և ուսումնական գործընթաց էր: Ընթացքում կարող ես շատ նոր բաներ սովորել քո մասին»,- նշել է Լենան գրքի շնորհանդեսին:
Ըստ Լենայի՝ կերպարը ծնվել է ֆրանսերենի դասերի ժամանակ, երբ «Ինչպես եմ անցկացրել ամառս» ստանդարտ շարադրությունների փոխարեն նա սկսել է գրել Ելենայի մասին պատմություններ։ «Գիրքը գրվել է երեք ամսում և հիմնականում ստեղծվել այն ժամանակաշրջանում, երբ աշխատելիս ստեղծարարության պակաս էի զգում ու ցանկանում էի ինչ-որ կերպ դրսևորվել»,- կատակում է Լենան։
«Ամենից հաճախ ինձ երեք հարց են տալիս: Ինչու՞ հենց դետեկտիվ: Քանի որ դա մանկուց իմ սիրելի ժանրն է, ստիպում է մտածել: Ինչու՞ ֆրանսերեն: Քանի որ կերպարը հայտնվել է ֆրանսերենի դասերին, և որովհետև այս լեզուն թույլ է տալիս հնարավորինս հստակ ձևակերպել մտքերը: Բայց քանի որ շրջապատումս շատ չեն ֆրանսերեն իմացող մարդիկ, որոշվեց թարգմանել։ Մենք ընտրեցինք ռուսերենը, որպես ֆրանսերենին տրամաբանությամբ ամենամոտ լեզու: Եվ վերջապես, ինչու՞ տարո: Ընտանիքս և ընկերներս գիտեն, որ ես բավականին պրագմատիկ մարդ եմ և ռեալիստ։ Բայց ինձ միշտ գրավել են ֆանտաստիկ պատմությունները», - շարունակում է Լենան՝ կես կատակ-կես լուրջ ավելացնելով, որ ինքը պատասխանատվությամբ է մոտեցել սյուժեի ստեղծմանը և ուշադիր ուսումնասիրել է տարոյի թեման՝ առցանց դասընթաց անցնելով:
Ստեղծագործող մարդու համար ամենակարևոր հարցը հետևյալն է՝ պե՞տք է արդյոք սպասել մուսային: Լենա Գուլխասյանի պատասխանը՝ ոչ, մուսային պետք է կանչել, նստել, գործի անցնել, ու նա կհայտնվի։ Գրողի աշխատանքում պակաս կարևոր չէ կարգապահությունը։
Այսպիսով, արկածը սկսվում է: Եթե ձեր ընտանիքը խնդիր ունի, բայց դուք չեք կարող դիմել ոստիկանություն, շտապեք կապվել Ելենա Կրասռոուզի հետ:





























