Երևի պարոն Սիմոնյանը ճիշտ է, մենք ժամանակին սխալ էինք անում, երբ որ Հայաստանի զինված ուժերում և Արցախի պաշտպանության բանակում գործում էր մեկին 10 պատասխանելու սկզբունքը, որը կարևորագույն զսպող մեխանիզմներից էր: Այս մասին, այսօր՝ մարտի 25-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը:
«Մենք սխալ էինք, պետք է իրենց պես ձեռքներս վեր բարձրացնեինք ու Փաշինյանի պես ասեինք՝ ու՞ր է, թուղթ տվեք ստորագրեմ:
Երևի թե իրենք ճիշտ են 30 տարի բանակցել ու անել ամեն ինչ, որպեսզի արդյունքում հայանպաստ դրույթներով և հայանպաստ ռելսերով ընթանան բանակցությունները՝ Կազանը ձեզ օրինակ, պետք էր այդպես չանել, պետք էր իրենց պես վեր կանալ ու ադրբեջանական թեզերը ՀՀ Ազգային ժողովի շենքից տարածել: Երևի պետք էր Նիկոլ Փաշինյանի պես մաքուր ադրբեջանյան թեզ, ՄԱԿ-ի չորս բանաձևերը, որոնք կապ չունեն բանակցային գործընթացի հետ, դրանց մասին անընդհատ խոսել: Երևի թե պետք էր Արարատ Միրզոյանին պես բերել Ալմա-Աթայի համաձայնագիրը, որը կապ չունի Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ, որովհետև Լեռնային Ղարաբաղը այդ ժամանակ արդեն անկախացած էր Խորհրդային Միության սահմանադրության համապատասխան:
Իսկ ինչ վերաբերում է միջազգային հանրությունը, թե ինչ արձագանք էր տալիս, ես ուզում եմ հիշեցնել իրենց ապրիլյան քառօրյա պատերազմը, որի ժամանակ Մինսկի խումբը, ոչ թե համանախագահները, Մինսկի խումբը, որի անդամ է հանդիսանում նաև Թուրքիան, հստակորեն ասել էին, որ անընդունելի է ագրեսիան Ադրբեջանի կողմից, իսկ 44 օրյա պատերազմի ժամանակ Թուրքիան փաստացի կողմ էր և Ադրբեջանի հետ ագրեսիայի էր ենթարկում Արցախը և Հայաստանը:
Իսկ դրանից մի քանի ամիս առաջ դիվանագիտության ռահվիրա Լիլիթ Մակունցը ասում էր, որ Թուրքիան հաստատ չի ներգրավվելու որևէ կոնֆլիկտի մեջ:
Մենք կնքում էինք Եվրոպայի հետ CEPA, որում հստակ նշվում էin երեք հիմնարար սկզբունքները, այդ թվում նաև ազգերի ինքնորոշման իրավունքը։ Իսկ իրենք եվրոպացիքին փորձում են խաբել փուչ մի օրինագծով, որը իրենից մեկ նախադասություն է ներկայացնում և նույնիսկ Ազգային ժողովի իրավական տեխնիկայի համար պատասխանատու վարչությունը ասում է, որ սա օրենք չի: Այդ փաստաթղթից, բացի վնասից, որևէ բան լինել չի կարող»,- հայտարարեց Մամիջանյանը:











