2011թ. հայկական գիտության համար ամենակարեւոր իրադարձությունը «Գիտությունների ազգային ակադեմիայի մասին» օրենքն էր, որ հստակեցնում է այդ կազմակերպության կարգավիճակը եւ կարգավորում նրա հարաբերությունները այլ գիտական կազմակերպությունների հետ երկրի ներսում: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը` հավելելով, որ օրենքը նաեւ կարեւոր է գիտության ոլորտում օրենսդիր դաշտի նորմավորման առումով:
Խոսելով անցած տարվա այլ կարեւոր իրադարձությունների մասին` Ռադիկ Մարտիրոսյանը ընդգծել է Ալիխանյանի անվան Ազգային գիտական լաբորատորիան հիմնադրամի վերակազմավորելուփաստը, ինչը թույլ կտա նոր, ժամանակակից տեխնոլոգիաներ կիրառել բժշկության մեջ: «Այս տարի սկսել է հայկական գիտական ցանցերը եվրոպական ցանցերին միացնելու գործընթացը, ինչը գրանտների հաշվին իրականություն կդառնա 2012թ.: Դա եւս շատ կարեւոր է»,- ասել է Մարտիրոսյանը:
Մարտիրոսյանը նկատել է, որ ռուսական «Նաուկա ի ինովացիա» հանդեսի հատուկ թողարկման մեջ ներկայացվել է հայ գիտնականների մեջբերվածության համաթիվը, որը ամենաբարձրն է ԱՊՀ երկրներում: «Դա գիտության որակի առումով: Ինչ վերաբերում է քանակին, տարաշածրջանում Հայաստանը զիջում է միայն Իսրայելին: Դա նշանակում է, որ հայկական գիտությունը ճանաչվում է ախարհում»,- ասել է ԳԱԱ նախագահը:
Վերջինս 2012թ. համար ակնկալում է խնդիրների լուծում, որ գիտնականը կարողանա զբաղվել միայն սիրած գործով:




























