Իրանը հերքել է ԱՄՆ-ի պնդումները, թե «Ալ-Կաիդայի» ահաբեկչական ցանցի անդամներից մեկը գտնվում է Իսլամական հանրապետությունում:

Իրանական Fars գործակալությունը մեջբերում է ԻԻՀ-ի ԱԳՆ-ի հայտարարությունը, որտեղ ասվում է, որ «դա հերթական անհիմն եւ անհեթեթ ենթադրությունն է, ինչպես նաեւ ավելի վաղ Իրանի հասցեին հնչեցված մեղադրանքները, որտեղ նշվում էր, որ Իրանը կապ ունի սեպտեմբերի 11-ի դեպքերի հետ»:

«Բոլորին հայտնի է «Ալ-Կաիդայի» ստեղծման պատմությունը եւ ԱՄՆ-ի կողմից այդ կազմակերպությանը տրամադրվող օժանդակությունը: Իրանի Իսլամական հանրապետությունը համոզված է, որ միջազգային հանրությունը պետք է մտահոգություն հայտնի ամերիկացի պաշտոնատար անձանց այդ անպատասխանատու քայլերի առթիվ»,-ասված է հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ օրերս ԱՄՆ կառավարությունը 10 միլիոն դոլարի չափով պարգեւ է առաջարկել Սիրիայի քաղաքացի Յասին Սուրի մասին տեղեկությունների համար, ով իբր բնակվում է Իրանում:

 Վաշինգթոնում  պնդում են, որ Թեհրանի եւ «Ալ-Քաիդայի» միջեւ գոյություն ունեցող համաձայնությամբ, Սուրին զբաղվել է փողերի փոխանցմամբ եւ խմբավորման ղեկավարներին հարեւան երկրներ ուղարկելով: