Ես խնդիրները բաժանում եմ երկու մասի՝ նյութական և ոչ նյութական. նյութական խնդիրները ենթակառուցվածքների բարելավմանն է վերաբերում, բայց ինձ համար ավելի կարևոր նշանակություն ունեցող խնդիրներ կան, ոչ նյութական՝ դա փոխըմբռնման միջավայրը ստեղծելն է և վախի մթնոլորտը մեր համայնքից արմատախիլ անելն է. վախենում են տարբեր ուժերից՝ հանցավոր և ոչ հանցավոր։ Այս մասին այսօր՝ մարտի 30-ին, Փարաքարում քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Փարաքար խոշորացված համայնքի ընտրություններում «Կայունություն» կուսակցության ցուցակը գլխավորող Գոռ Սարիբեկյանը:

«Ես չեմ հարում որևէ քաղաքական կամ կլանային ուժի և բալանս և եղբայրություն եմ ապահովելու մեր համայնքին։ Ես որևէ մեկին միավորվելու պարտավորություն և ցանկություն չունեմ։ Ես չեմ կիսում այն կարծիքը, որ որևէ հանցագործության մեջ թաթախված անձ իրավունք ունի ղեկավարել համայնքը՝ հաշվի առնելով հենց այն նույն բարեվարքությունը: Ժողովուրդը ակնկալում է արդար կառավարում, իսկ հանցավորության մեջ թաթախված անձը չի կարող արդար կառավարում իրականացնել»,- ասաց նա:

Սարիբեկյանը հավելեց, որ ժողովուրդն իմաստուն է եւ նրա կայացրած ցանկացած որոշում իր համար ընդունելի է:

Նշենք, որ Փարաքար խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրություններին մասնակցում է 4 քաղաքական ուժ:

  1. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն - ցուցակը գլխավորում է Լյուդվիգ Գյուլնազարյանը:
  2. «Միասնություն» կուսակցությունների դաշինք - ցուցակը գլխավորում է Վոլոդյա Գրիգորյանը:
  3. «Ազգային առաջընթաց» կուսակցություն - ցուցակը գլխավորում է Դավիթ Մինասյանը
  4. «Կայունություն» կուսակցություն - ցուցակը գլխավորում է Գոռ Սարիբեկյանը: