ՔՊ-ականները փորձում են խոչընդոտել խախտումն արձանագրելուն Գյումրիի 31/70 տեղամասում: Այս մասին հաղորդում է «Հայաքվե» նախաձեռնությունը, որը նաեւ տեսանյութ է հրապարակել:

Տեսանյութում այդ տեղամասում վստահված անձանցից մեկը նշեց, որ կարգն այնպես է, որ եթե որեւէ ընտրող չգիտի ընտրելու ձեւը, ապա չեզոք մեկ այլ անձ մոտենում է, գրանցվում է, որից հետո միայն կարող է օգնել քաղաքացուն:

«Մինչդեռ հանձնաժողովի անդամը, հանձնաժողովի նախագահը գնացին, մտան ընտրախցիկ, մյուս վստահված անձը գնաց: Բարձիթողի վիճակ է, մարդը քվեաթերթիկը բաց դուրս է գալիս, ասում են՝ տար դիր ծրարի մեջ»,-ասաց նա:

Հանձնաժողովի անդամներից մեկը հակադարձեց, որ այդպես չի եղել. «Էդ տղամարդը մի քանի անգամ մեզ խնդրեց, մենք ասացինք՝ դիմեք հանձնաժողովի նախագահին: Հանձնաժողովն ասաց՝ որ քվեաթերթիկը ցանկանում եք, դա ընտրում եք, մնացածը գցում եք էնտեղ: Ասաց՝ էնտեղ գցելու տեղ չկա: Հետո ինքը նորից դուրս եկավ, արդեն ծալած էր դուրս եկել: Ասեցին՝ այնպես պիտի դնես քվեաթերթիկ, որ ուղիղ լինի, այնտեղ պեչատ են խփելու: Էդ տղան ասաց, որ ես եմ խնդրել, ես եմ դիմել»:

Հիշեցնենք, որ այսօր Գյումրիում ավագանու արտահերթ ընտրություններ են։ Գյումրիում արտահերթ ընտրություններին մասնակցում է 9 քաղաքական ուժ՝ 6 կուսակցություն և 3 դաշինք։

Գյումրի համայնքի ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններն ու դաշինքներն են՝

  1. Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն - ցուցակը գլխավորում է Սարիկ Մինասյանը։
  2. Հայաստանի կոմունիստական կուսակցություն - ցուցակը գլխավորում է Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը։
  3. «Ապրելու երկիր» կուսակցություն - ցուցակը գլխավորում է Կարեն Մալխասյանը:
  4. «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինք- ցուցակը գլխավորում է Կարեն Սիմոնյանը։
  5. Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցություն- ցուցակը գլխավորում է Արտյոմ Թումանյանը:
  6. «Եվրադաշինք» կուսակցությունների դաշինք - ցուցակը գլխավորում է Լևոն Բարսեղյանը:
  7. «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցություն - ցուցակը գլխավորում է Արտյոմ Ղարաղազարյանը:
  8. «Մեր քաղաքը» կուսակցությունների դաշինք - ցուցակը գլխավորում է Մարտուն Գրիգորյանը:
  9. «Իմ հզոր համայնք» - ցուցակը գլխավորում է պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը: