Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի (RDIF) ղեկավար, արտասահմանյան երկրների հետ տնտեսական համագործակցության հարցերով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը հայտնել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի առանցքային անդամների հետ քննարկել է Մոսկվայի և Վաշինգտոնի միջև երկխոսության վերականգնման հարցը։

«Դուք գիտեք, իսկապես, վերջին երկու օրերի ընթացքում ես նախագահ Պուտինի անունից հանդիպումներ եմ անցկացրել այստեղ՝ Վաշինգտոնում Թրամփի վարչակազմի առանցքային անդամների հետ», - ասաց նա Վաշինգտոնում լրագրողների մի փոքր խմբին:

«Եվ հիմնական թեմաներից մեկը, իհարկե, ռուս-ամերիկյան հարաբերությունների վերականգնումն է, երկխոսության վերականգնումը, այն երկխոսությունը, որն ամբողջությամբ դադարեցվեց և ընդհատվեց Բայդենի վարչակազմի օրոք»,- հավելել է նա։

RDIF-ի ղեկավարը նաև ասել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը լսում է Ռուսաստանի դիրքորոշումը և հասկանում է նրա մտահոգությունները։

«Բայց մենք պետք է նշենք, որ նախագահ Թրամփի վարչակազմը, վարչակազմի առանցքային մարդիկ, նպատակադրված են ռուս-ամերիկյան հարաբերությունների հարցերի ողջ շրջանակի լուծմանը: Իհարկե, նրանք հավատարիմ են աշխարհաքաղաքական խնդիրների լուծմանը, լսում են Ռուսաստանի դիրքորոշումը շատ հարցերի շուրջ»,- ասաց նա: