Թբիլիսիի քաղաքային դատարանը ուժի մեջ է թողել միլիարդատեր Բիձինա Իվանաշվիլիին Վրաստանի քաղաքացիությունից զրկելու որոշումը: Այդուհանդերձ, դատարանը լուծարել է նախագահի որոշումը Իվանաշվիլիի կնոջը` Եկատերինա Խվեդելիձեին, Վրաստանի քաղաքացիությունից զրկելու մասին: Այդպիսով, միլիարդատերի հայցը մասնակիորեն է բավարարվել:

Իվանաշվիլին եւ նրա կինը զրկվել են Վրաստանի քաղաքացիությունից նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի հրամանով: Հոկտեմբերին նրանք բողոքարկել են այդ որոշումը: Իվանաշվիլիի իրավաբանները կարծում են, որ քաղաքացիության հետ կապված գործը քաղաքականացված է, հաղորդում է «Նովոստի-Գրուզիան»:

Դատարանի կարծիքով, Ֆրանսիայի քաղաքացիությունը օրինական հիմք է ծառայում Իվանաշվիլիին Վրաստանի քաղաքացիությունից զրկելու համար:

Գործարարի պաշտպանությունը արդեն հայտարարել է թբիլիսյան դատարանի որոշումը բարձր ատյաններում բողոքարկելու մտադրությունը:

Հիշեցնենք, որ միլիարդատերը ուներ Ռուսաստանի քաղաքացիություն, որից հրաժարվել էր, որպեսզի վերականգնի Վրաստանի քաղաքացիությունը եւ ներքաշվի քաղաքական ակտիվ պայքարի մեջ:

Բիդզեն Իվանաշվիլին հոկտեմբերի սկզբին հայտարարել է կուսակցություն ստեղծելու եւ 2012-ի Վրաստանի ընտրություններին մասնակցելու մտադրության մասին: