Վերաքննիչ քրեական դատարանը` դատավոր Սեւակ Համբարձումյանի նախագահությամբ, այսօր` դեկտեմբերի 27-ին մերժել է Յանիս Սարկիսովի պաշտպան Ժորա Հարությունյանի վերաքննիչ բողոքը եւ ուժի մեջ թողել Արարատի եւ Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի վճիռը, որով Սարկիսովը 10 տարվա ազատազրկման էր դատապարտվել:

20-ամյա կնոջը` Զարուհի Պետրոսյանին ծեծելով սպանած Սարկիսովի պաշտպանը բողոք էր ներկայացրել`պարզաբանելով, թե Զարուհի Պետրոսյանի մահվան պատճառը արտամուսնական կապերով պայմանավորված ինքնասպանությունն է` թույն խմելու միջոցով: Փաստորեն Վերաքննիչ դատարանը բողոքն անհիմն է համարել եւ հրաժարվել է արդարացնել Սարկիսովին:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ընդհանուր իրավասության դատարանը` դատավոր Թաթուլ  Պողոսյանի նախագահությամբ, հոկտեմբերի 14-ին 10 տարվա ազատազրկման է դատապարտել Յանիս Սարկիսովին, ով մեղավոր է ճանաչվել գրեթե մեկ տարի առաջ սեփական կնոջը` 20-ամյա Զարուհի Պետրոսյանին դաժանաբար ծեծելու մեջ, որը հանգեցրել է վերջինիս մահվանը:

Դատաքննության ողջ ընթացքում վկաների մեծ մասը պնդել են, որ մանկատան սան Զարուհի Պետրոսյանը պարբերաբար ծեծի է ենթարկվել Յանիս Սարկիսովի եւ նրա մոր կողմից, իսկ դեպքի օրն էլ` սեպտեմբերի 30-ին նրան ծեծելով նետել են աստիճաններից:

2010-ի սեպտեմբերի 30-ին, ժամը 20.00-ին, ոստիկանության Մասիսի բաժնում հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ «գանգուղեղի հեմատոմա, աջ ձեռքի 2-րդ մատի միջին ֆալանգի փակ կոտրվածք` առանց տեղաշարժի, եւ մարմնի տարբեր շրջանների արյունազեղումներ» ախտորոշմամբ իրենց մոտ է ընդունվել 20-ամյա Զարուհի Պետրոսյանը: Նույն օրը, Զարուհի Պետրոսյանը տեղափոխվել էր «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ հոկտեմբերի 1-ին, ժամը 3-ին մահացել էր:

Յանիս Սարկիսովին ձերբակալել էին եւ մեղադրանք առաջադրել 112 հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետի (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահ) հատկանիշներով, իսկ նրա մորը ոչ միայն պատասխանատվության չէին ենթարկել, այլեւ Զարուհու փոքրիկ աղջնակին հանձնել էին տատի խնամակալությանը:

Սարկիսովը ողջ դատաքննության ընթացքում իրեն մեղավոր չէր ճանաչել, ավելին, սանձարձակ վարք էր դրսեւորել դատարանի դահլիճում:

Հիշեցնենք, որ Զարուհու մահից  հետո  7 հասարակական կազմակերպություններ («Կանանց իրավունքների կենտրոնը», «Հասարակություն առանց բռնության»-ը, «Կանանց ռեսուրսային կենտրոնը», Թուֆենկյան հիմնադրամի «Կանանց աջակցության կենտրոնը», «PINK Armenia»-ն, «Զանգակատունը» եւ «Սեռական բռնության ճգնաժամային կենտրոնը) կողմից ստեղծվել է կոալիցիա, որի նպատակը այս դեպքին հասարակական հնչեղություն տալն է եւ քրեական արդար գործի ընթացքին հետամուտ լինելը: