Ամերիկյան OpenAI ընկերությունը պատասխան հայց է ներկայացրել Կալիֆոռնիայի դաշնային դատարան ընդդեմ Իլոն Մասկի՝ պահանջելով պաշտպանել իրեն ապագայում «առեւտրայնացման հետ կապված ձեռնարկատիրոջ ցանկացած անօրինական եւ անարդար գործողություններից»: Այս մասին հայտնել է Reuters գործակալությունը։

«Լրատվամիջոցների գրոհների եւ չարամիտ արշավների միջոցով, որոնք հեռարձակվում են ավելի քան 200 միլիոն հետեւորդների համար Մասկի X սոցիալական մեդիա-հարթակում, նա օգտագործել է իր ձեռքի տակ եղած բոլոր գործիքները՝ խանգարելու OpenAI-ին»,- նշվել է ChatGPT չաթբոտն ստեղծած ընկերության հայտարարությունում: OpenAI-ը պահանջել է միլիարդատիրոջը «պատասխանատվության ենթարկել իր պատճառած վնասների համար»։

Ավելի վաղ Կալիֆոռնիայի դատարանը մերժել էր Մասկի հայցն ընդդեմ OpenAI-ի եւ նրա ղեկավար Սեմ Ալթմանի՝ ընկերության առեւտրայնացման վերաբերյալ։ Դատարանի հայցադիմումի համաձայն՝ հայցվորը «չի կարողացել հիմնավորել» իր պահանջները, ուստի պետք է մերժել OpenAI-ի շահույթ հետապնդող կազմակերպություն դառնալը կանխելու իրավական քայլերը:

Մասկը ​​հայց է ներկայացրել OpenAI-ի եւ Ալթմանի դեմ 2024թ. մարտին: SpaceX-ի հիմնադիրը դեմ է OpenAI-ը շահույթ ստանալու նպատակով առեւտրային կազմակերպության վերածելուն, որին աջակցում է ամերիկյան տեխնոլոգիական հսկան՝ Microsoft-ը: Սա, ըստ միլիարդատիրոջ, հակասում է 2015թ. պայմանագրային պայմանագրին, որը Մասկը ստորագրել է որպես համահիմնադիր։