Ադրբեջանը պետք է պատասխան տա Լեռնային Ղարաբաղի դեմ կատարած հանցագործությունների համար։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է պաշտպանության նախկին նախարար, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանը։

Նա հիշեցրել է, որ «Հայաստան» խմբակցությունը վերջին չորս տարիների ընթացքում բազմաթիվ նախաձեռնություններ է ներկայացրել՝ ի պաշտպանություն Արցախի ժողովրդի իրավունքների։ Երբ ժամանակը հասունանա, մենք լսումներ կնախաձեռնենք Ազգային ժողովում, նշել է Օհանյանը։

Պատգամավորն ընդգծել է, որ միջազգային կազմակերպություններում եւ բարեկամության խմբերում ներգրավված խմբակցության ներկայացուցիչները բոլոր հանդիպումներում բարձրացնում են Արցախի ժողովրդի իրավունքների, Լեռնային Ղարաբաղի դեմ կատարված հանցագործությունները՝ տեղահանություն եւ ցեղասպանություն, որոնց համար Ադրբեջանը պետք է պատասխան տա, խոսի գերիների վերադարձի, Արցախի ղեկավարների անօրինական դատավարության եւ մշակութային ժառանգության պաշտպանության մասին։

Նրա խոսքով՝ Արցախի ճակատագիրը պետք է որոշվի հայ ու արցախցի ժողովրդի իրավունքների շրջանակում։ Արցախի բոլոր կառույցներն ու կազմակերպությունները պետք է գործեն իրավունքներն ու ապագա հավաքական վերադարձն ապահովելու համար։ «Այն, որ նրանք գործում են ՀՀ-ում, ոմանց կողմից ճիշտ չի ընկալվում։ Սա երկրորդ պետություն չէ։ Սա Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանությունն է եւ վերադարձի գործը։ Ուստի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում բանակցություններին այլընտրանք չկա։ Մինսկի խմբի լուծարումը նշանակում է Արցախի էջը փակելու եւ, ըստ էության, մոռացության մատնելու ցանկություն»,- եզրափակել է Օհանյանը։