Թեհրանը կարող է Վաշինգտոնին առաջարկել ժամանակավոր միջուկային համաձայնագիր առաջիկա բանակցությունների ընթացքում։ Այս կերպ Իրանը կփորձի խուսափել ռազմական էսկալացիայից, որին սպառնացել է ԱՄՆ-ն, հայտնում է Axios-ը։

Իրանի ղեկավարությունը դիտարկում է այս հնարավորությունը միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների համար ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից նախապես սահմանված երկամսյա ժամկետի ֆոնին։ Զուգահեռաբար, ամերիկացի առաջնորդը հրամայել է Մերձավոր Արևելքում ամերիկյան ռազմական ուժեր կուտակել «այլ տարբերակի» համար, եթե դիվանագիտությունը ձախողվի:

Արևմտյան լրատվամիջոցների աղբյուրները նշում են, որ իրանցիները կարծում են, որ անիրատեսական է երկու ամսում միջուկային գործարքի հասնելը: Ուստի Թեհրանն ավելի շատ ժամանակ է ցանկանում էսկալացիայից խուսափելու համար:

«Իրանցիները, ըստ երևույթին, կարծում են, որ նախագահ Թրամփի նախատեսած ժամկետում դժվար թե կայուն գործարք ձեռք բերվի: Այսպիսով, հնարավոր է, որ անհրաժեշտ է միջանկյալ համաձայնագիրը դիտարկել որպես միջանկյալ կայան մինչև վերջնական համաձայնություն», - Axios-ին ասել է Միջազգային ճգնաժամային խմբի Իրանի նախագծի տնօրեն Ալի Վաեզը:

Միևնույն ժամանակ, ՄԱԿ-ում Իրանի առաքելությունը հրաժարվել է արևմտյան լրատվամիջոցներին մեկնաբանել այս թեման:

ԱՄՆ-ի և Իրանի միջև ժամանակավոր համաձայնագիրը կարող է ներառել Թեհրանի՝ ուրանի հարստացման որոշ գործունեության կասեցում, հարստացված ուրանի պաշարների 60%-ով կրճատում և ՄԱԿ-ի տեսուչներին ավելի մեծ մուտք դեպի Իրանի միջուկային օբյեկտներ, գրում է Axios-ը։

Փորձագետներն արևմտյան լրագրողներին ասել են, որ այդ քայլերը միայն «մի փոքր կերկարացնեն» միջուկային ռումբ ստեղծելու Իրանի ժամանակը: Բայց դրանք կարող են օգնել վստահության ձևավորմանը համապարփակ համաձայնագրի շուրջ ապագա բանակցությունների համար:

Ժամանակավոր համաձայնագիրը կարող է ներառել նաև «հետ վերցնելու» մեխանիզմի ընդլայնում, որը 2015 թվականի միջուկային գործարքի մաս էր կազմում: Գործարքը խախտելու դեպքում Իրանի դեմ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի պատժամիջոցների կիրառման մեխանիզմը լրանում է այս տարվա հոկտեմբերին։

Axios-ը նաև նշում է, որ միջանկյալ գործարքը, հավանաբար, կներառի Իրանի պահանջը, որ Թրամփը դադարեցնի իր «առավելագույն ճնշման» արշավը երկրի տնտեսության վրա: