Ռուսաստանը ողջունում է Օմանում իրանական միջուկային ծրագրի շուրջ ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ անուղղակի բանակցությունների փաստը եւ ակնկալում է կոնկրետ արդյունք ապագայում, «ՌԻԱ Նովոստիին» ասել է ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն։

«Մենք միշտ կգնահատենք ցանկացած բանակցություն՝ ելնելով դրանց արդյունքներից: Որքան ես հասկանում եմ, բանակցությունները կշարունակվեն հաջորդ շաբաթ, այնպես որ մենք ակնկալում ենք, որ արդյունքները կլինեն կոնկրետ եւ շոշափելի: Մենք ողջունում ենք բանակցությունների փաստը: Եթե դրանցում ձեռք են բերվել դրական (արդյունքներ- խմբ.), մենք միայն ուրախ կլինենք»,- ասել է դիվանագետը:

Շաբաթ օրը Օմանի մայրաքաղաք Մասկատում անուղղակի բանակցություններ են տեղի ունեցել Մերձավոր Արեւելքի հարցերով ԱՄՆ նախագահի բանագնաց Սթիվ Ուիթքոֆի եւ Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչիի միջեւ։ ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցչի խոսքով՝ դրանք դրական էին եւ կառուցողական։ Արաղչին նաեւ այս բանակցությունների մթնոլորտը որակել է կառուցողական եւ հանգիստ, շնորհակալություն է հայտնել Օմանի արտգործնախարարին իրանական եւ ամերիկյան պատվիրակությունների միջեւ կարծիքների փոխանակմանն ուղղված ջանքերի համար եւ հայտնել, որ Իրանի եւ ԱՄՆ-ի միջեւ բանակցությունների երկրորդ փուլը տեղի կունենա հաջորդ շաբաթ օրը՝ ապրիլի 19-ին։