Հայաստանը եւ Սլովենիան բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն են զարգացնում։ Այս մասին ապրիլի 16-ին Երեւանում Սլովենիայի ԱԳՆ ղեկավար Տանյա Ֆայոնի հետ համատեղ ասուլիսում ասել է Հայաստանի ԱԳՆ ղեկավար Արարատ Միրզոյանը։

Նրա գնահատմամբ՝ երկկողմ հարաբերությունների օրակարգը հարուստ է բովանդակությամբ, եւ հարաբերությունները հիմնված են ընդհանուր արժեքների եւ փոխադարձ շահերի վրա։ Կողմերը պատրաստ են խորացնել կապերը տարբեր ոլորտներում՝ բարձր տեխնոլոգիաների, արհեստական բանականության, գյուղատնտեսության, կրթության, զբոսաշրջության, կանաչ էներգիայի, դեղագործության եւ այլ ոլորտներում։

Կողմերը կարծում են, որ անհրաժեշտ է մեծացնել ապրանքաշրջանառության ծավալը եւ խթանել ներդրումները։ Կարեւոր ուղղություն կարող է լինել երկխոսությունը Բլեդի ռազմավարական ֆորումի «Երեւանյան երկխոսության» ձեւաչափով, որին Միրզոյանն արդեն հրավիրված է։

Նախարարը մասնավորապես շնորհակալություն է հայտնել Սլովենիայի կողմից Լեռնային Ղարաբաղից բռնագաղթված կանանց եւ երեխաներին ցուցաբերվող օգնության համար։

Արտգործնախարարներն անդրադարձել են Հայաստանի եւ ԵՄ համագործակցությանը։ Այդ կապակցությամբ Ֆայոնը հայտնել է գործընթացի հետ Սլովենիայի լիարժեք համագործակցությունը։ Նա ասել է, որ արդեն հանդիպել է վարչապետի հետ եւ հանդիպելու է ՀՀ նախագահին, եւ բոլոր հանդիպումներում մշտապես բարձր է գնահատել բարեփոխումների եւ կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ Հայաստանի աշխատանքը։ Որպես ԵՄ անդամ՝ Սլովենիան բարձր է գնահատում Հայաստանի եվրոպական ձգտումները։ «Մենք կիսում ենք ընդհանուր եվրոպական արժեքները, սա բարդ գործընթաց է, բայց ինքնիշխան որոշում»,- ավելացրել է նախարարը։

«Ուրախ եմ, որ Հայաստանը եւ Ադրբեջանը կարեւոր քայլ են կատարել հարաբերությունների կարգավորման ուղղությամբ: Սա դրական է ոչ միայն երկրների, այլեւ ողջ տարածաշրջանի համար: Մենք խրախուսում ենք քայլերն այս ուղղությամբ եւ հուսով ենք, որ շուտով խաղաղության պայմանագիր կստորագրվի, եւ տարածաշրջանում լարվածությունը կնվազի, եւ այն կբարգավաճի»,- ասել է նախարարը:

Խոսելով տնտեսական հարաբերությունների մասին՝ Տանյա Ֆայոնը նշել է դրանց ընդլայնման ներուժը եւ ջրային տեխնոլոգիաներով հետաքրքրվող հայկական ընկերություններին հրավիրել է մասնակցելու հուլիսի սկզբին Սլովենիայում կայանալիք միջազգային մրցույթին՝ երկրի նախագահի հովանու ներքո։ Նախարարը նաեւ հաստատել է Լեռնային Ղարաբաղից բռնագաղթած կանանց եւ երեխաների համար մարդասիրական ծրագրերի շարունակման, մասնավորապես վերականգնողական ծրագրերի եւ Սլովենիայում արձակուրդների իրականացման մտադրությունը։