Միկրոչիպեր արտադրող ամերիկյան Nvidia ընկերությունը կարգավորող մարմիններին ասել է, որ 5,5 միլիարդ դոլարի վնաս կկրի Չինաստան արտահանման խստացված կանոնների պատճառով, հայտնում է BBC-ն։

Ըստ նոր կանոնների՝ հսկային, որն արհեստական ​​բանականության տեխնոլոգիաների առաջամարտիկն է և աշխարհի ամենաթանկ ընկերություններից մեկը, այժմ հատուկ արտոնագիր է պետք՝ իր հայտնի H20 չիպերը Չինաստան արտահանելու համար:

Nvidia-ն ԱՄՆ Արժեթղթերի և բորսաների հանձնաժողովին (SEC) հայտնել է, թե անցյալ շաբաթ ԱՄՆ իշխանություններն իրեն զգուշացրել են, որ արտոնագրերն անհրաժեշտ են՝ կապված այն մտավախությունների հետ, որ չիպերը կարող են օգտագործվել սուպերհամակարգիչներում: Պահանջը գործելու է անորոշ ժամանակով։

Nvidia-ի միկրոչիպերն օգտագործվում են արհեստական ​​բանականության համակարգերը մարզելու համար ամբողջ աշխարհում, որոնց թվում՝ չինական DeepSeek-ի օգտագործած AI մոդելը վարժեցնելու համար, որը ներկայացվել է այս տարվա սկզբին և հանգեցրել Nvidia-ի սեփական բաժնետոմսերի կտրուկ անկմանը:

Ի տարբերություն Nvidia-ի առաջատար չիպերի՝ H20-ները նախատեսված են արտահանման համար, և դրանց արտադրությւոնն արդեն իսկ կրճատվել է՝ արտահանման սահմանափակումներին համապատասխանելու համար: