ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն չեղյալ է հայտարարել ուղեւորությունը Լոնդոն՝ բանակցություններ վարելու Ուկրաինայի պատերազմին վերջ տալու համար։ Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Կիեւը չի ճանաչի Ղրիմը որպես ռուսական՝ համաձայն խաղաղության համաձայնագրի, գրել է New York Times-ը։ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Թեմի Բրյուսը Ռուբիոյի որոշումը բացատրել է նրա զբաղվածությամբ։ «Դա վերաբերում է նրա ժամանակացույցի տեխնիկական խնդիրներին»,- ասել է մամուլի քարտուղարը։

Հանդիպումը նախատեսված է այսօր՝ ապրիլի 23-ին, որին, Ռուբիոյից բացի, ներկա չի լինի նաեւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը, որը բանակցություններ է վարում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Ամերիկյան պատվիրակությունը կգլխավորի Թրամփի մեկ այլ հատուկ բանագնաց՝ Քիտ Քելոգը։ Ինչպես հայտնել է Axios-ը, հանդիպման ժամանակ ԱՄՆ-ը ցանկանում է Ուկրաինայից պատասխան ստանալ իր խաղաղության առաջարկին, որը նախկինում ներկայացրել էր Կիեւին եւ Վաշինգտոնի եվրոպացի դաշնակիցներին։ Պլանը ենթադրում է, մասնավորապես, բռնակցված Ղրիմի ճանաչում որպես Ռուսաստանի տարածք դե յուրե, իսկ մնացած գրավված ուկրաինական հողերը դե ֆակտո Ռուսաստանի տարածք։ Խաղաղության նախաձեռնությունը նաեւ ենթադրում է Ուկրաինայի հրաժարումը ՆԱՏՕ-ին միանալուց։ Նախօրեին Զելենսկին հերթական անգամ հրապարակայնորեն հայտարարել է, որ Կիեւն օրինականորեն չի ճանաչում Ղրիմը որպես ռուսական։ «Սա դուրս է մեր Սահմանադրությունից: Սա մեր տարածքն է, Ուկրաինայի ժողովրդի տարածքը»,- ասել է Զելենսկին: Նրա խոսքով՝ ուկրաինական պատվիրակությունը Լոնդոնում ԱՄՆ եւ եվրոպացի դաշնակիցների հետ հանդիպմանը կկենտրոնանա «անվերապահ հրադադարի» հաստատման հնարավորությունների վրա։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել էր, որ Վաշինգտոնը կարող է դադարեցնել մասնակցությունը Ուկրաինայի վերաբերյալ խաղաղության բանակցություններին, եթե կողմերից մեկը խոչընդոտի պայմանավորվածությունների ձեռքբերմանը։