Շատ խորքային պատճառներ ես չտեսա ու չզգացի, բայց այդպես էլ Ալեն Սիմոնյանը չի դառնում Ազգային ժողովի նախագահ, և իր պահվածքով, իր վերաբերմունքով ինքը նման իրավիճակներում սադրում է։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ պատգամավոր, ՔՊ-ից հեռացված Հովիկ Աղազարյանը՝ անդրադառնալով երեկ ԱԺ-ում տեղի ունեցած միջադեպին, որտեղ հնչեցին վիրավորանքներ, տեղի ունեցավ քաշքշուկ:
«Այդ ընդդիմություն-իշխանություն բանավեճը վեր է ածվում անդուր բանաձևի, մի կողմը մոտավորապես, ասում է՝ ինչո՞ւ եք Արցախը հանձնել, մյուս կողմն ասում է՝ լավ ենք արել , բա դուք ինչի՞ եք Ղարսը հանձնել: Ես 1,5 տարի առաջ վերընթերցում էի Սիմոն Վրացյանի գիրքը, և եկա այն հետևության, որ ինչ վիճակում որ գտնվել է Դաշնակցությունը այն ժամանակ, մոտավորապես նույն վիճակում էլ գտնվում է ՔՊ-ն այս ժամանակ:,Այն ժամանակ էլ աշխարհից լքված, միայնակ, բաց ձեռքերով պետք է դիմակայեին արտաքին լուրջ մարտահրավերներին, հիմա էլ:
Որ լսում ես Ռուբեն Ռուբինյանի, Ալեն Սիմոնյանի, Հայկ Կոնջորյանի ելույթները, այնպես են շերտավորված ներկայացնում, որ Քաջազնունին կամ Հովհաննես Խատիսյանը Գեղամ Մանուկյանի պապի պապն են, իրենք կապ չունեն դրա հետ։ Այն դեպքում, երբ որ մի հատ վերլուծես, կարող է դուրս գա, որ Հայկ Կոնջորյանի պապի պապն է եղել Հովհաննես Քաջազնունին:
Պատմության մեջ և ռամկավարները, և հնչակները, և կոմունիստները, բոլորը ընդհանրապես, եղել են մեր նախնիները, նաև քաղաքական իմաստով: Քաջազնունու, Սիմոն Վրացյանի սխալների ու ճշտի կրողը ինչքան Գեղամ Մանուկյանը է, նույնքան էլ Ալեն Սիմոնյանն է»,-ասաց Աղազարյանը:
Նրա խոսքով, այս դիսկուրսն, իրականում մի քանի նպատակ ունի. «Օրինակ, ՔՊ-ի որոշ ներկայացուցիչներ ուզում են ցույց տալ վարչապետին, որ իրենք ավելի նիկոլական են, քան այն մյուսը: «Մյուս կողմից, նրանք համախմբված իմաստով հակազդում են ընդդիմությանը, իրենց ընդդիմախոսներին, որպեսզի առաջիկա արտահերթ կամ հերթական ընտրությունների ժամանակ իրենց դիրքերը պահպանեն։
Բնական է, որ դա պետք է անեն, քանի որ Գյումրիի և Փարաքարի ընտրություններից հետո իրենց վիճակը շատ դժվար է
Այսօր գոյություն ունի քաղաքական հավասարակշռություն, որտեղ հենասյունի մի կողմում Սերժ Սարգսյանն ու Ռոբերտ Քոչարյանն են իրենց արբանյակներով, մյուս կողմում ՔՊ-ն է՝ վարչապետի գլխավորությամբ: Այսինքն, մեկի գոյությունը պայմանավորվում է մյուսի գոյությամբ: Այդ արատավոր վիճակից դուրս գալու համար պետք է այդ հենասյունը վերացնել: Դա կարելի է անել ուժեղ քաղաքական հարվածով, որը կարելի է իրականացնել լայն կոնսոլիդացիայի շնորհիվ՝ հստակ ծրագրային դրույթներով։
Քաղաքական կոնսոլիդացիան պետք է լինի ամբողջ քաղաքական դաշտ, մինուս Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, իրենց առանցքի շուրջ մարդիկ և մինուս Նիկոլ Փաշինյան, իր առանցքի շուրջ գտնվող ուժեր և մարդիկ։ Մնացածների շրջանակում պետք է լինի այդ կոնսոլիդացիան։
Կհաջողվի՞ այդ կոնսոլիդացիան անել, այդ հենասյունը կքանդվի, չի հաջողվի՝ ուրեմն մարտահրավերը կմնա»,-ասաց Աղազարյանը:











