Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ պատրաստ է առաջին քայլն անել և այցելել Բեռլին, Լոնդոն և Փարիզ՝ վերսկսելու «եվրոպական եռյակ» երկրների (Գերմանիա, Մեծ Բրիտանիա և Ֆրանսիա) հետ Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորման հարցով բանակցությունները։

«Ես կրկին դիվանագիտություն եմ առաջարկում: Մոսկվայում և Պեկինում իմ վերջին խորհրդակցություններից հետո ես պատրաստ եմ առաջին քայլն անել և այցելել Փարիզ, Բեռլին և Լոնդոն: Ես պատրաստ էի դա անել նախքան Իրանը սկսել էր անուղղակի բանակցություններ ԱՄՆ-ի հետ [իր միջուկային ծրագրի շուրջ], բայց «եվրոպական եռյակը» մերժեց»,- գրել է Արաղչին X սոցիալական ցանցում:

«Գնդակը հիմա եվրոպական եռյակի դաշտում է: Նրանք հնարավորություն ունեն ազատվելու հատուկ հետաքրքրություն ունեցող ընկերակցությունների ճիրաններից և այլ ճանապարհ հարթելու։ Այն, թե ուր մենք կշրջվենք այս ճամփաբաժանում, հավանաբար կորոշի ապագան»,- հավելել է նա: Իրանի արտգործնախարարի կարծիքով՝ Թեհրանի և երեք եվրոպական երկրների միջև ներկա հարաբերությունները խիստ անկում են ապրում:

Ապրիլի 15-ին Tehran Times պարբերականը գրել էր, որ «եվրոպական եռյակ» երկրները կարող են փորձել սաբոտաժի ենթարկել Թեհրանի և Վաշինգտոնի միջև իրանական միջուկային ծրագրի շուրջ բանակցային գործընթացը, քանի որ կարծում են՝ հենց իրենք պետք է մասնակցեն դրան։ Ըստ պարբերականի՝ ապրիլի 12-ին Օմանում ամերիկյան պատվիրակության հետ բանակցությունների առաջին փուլի ժամանակ Արաղչին Վաշինգտոնին խնդրել է թույլ չտալ, որ snapback ընթացակարգը ակտիվանա եվրոպացիների կողմից, քանի որ նրանք միակն են, ովքեր ունակ են օգտագործել այն։