Գերմանիայի իշխանությունները երեքշաբթի հայտարարել են, որ ձերբակալել են ոմն դեռահասի, որը ենթադրաբար ծրագրում էր հարձակվել սինագոգի վրա, որի վրա 2019 թվականին հարձակվել էր ծայրահեղ աջակողմյան զինված անձը, հայտնել է Ֆրանսպրես գործակալությունը։
19-ամյա երիտասարդին մեղադրանք է առաջադրվել «Հալլեի սինագոգի վրա աջ ծայրահեղականների հարձակում նախապատրաստելու» համար, ասված է տեղական դատախազության հայտարարության մեջ։
2019 թվականի հոկտեմբերին ոմն նեոնացիստ հրեական Յոմ Կիպուրի տոնի ժամանակ Գերմանիայի արևելյան քաղաքում փորձել էր ներխուժել նույն սինագոգը։ Չկարողանալով ներս թափանցել, նա իր զայրույթն ուղղել է պատահական անցորդների վրա՝ կրակելով երկու մարդու վրա։
Ենթադրվում է, որ դեռահաս կասկածյալը դեռ չէր որոշել իր հարձակման ամսաթիվը, սակայն դատախազները հայտնում են, որ նա վերջերս հրացան է գնել։ Ըստ որոշ տեղեկությունների՝ նա այս տարվա հուլիսից մինչև փետրվար թելեգրամյան հաղորդագրությունների հավելվածի չաթում բազմիցս հայտարարություններ է արել ահաբեկչական հարձակում իրականացնելու իր մտադրության մասին։
Կասկածյալը ձերբակալվել է փետրվարի 14-ին Շվեյցարիայում, որտեղ նա այդ ժամանակ ապրում էր, և ապրիլի 22-ին արտահանձնվել է Գերմանիային։ Գերմանացի դատախազները դեռահասին մեղադրանք են առաջադրել «պետության համար սպառնալիք ներկայացնող լուրջ բռնի ակտ նախապատրաստելու և անօրինական զենք պահելու» մեջ։
Կասկածյալը, որը նախկինում բնակվել է Հալլեում, «հերքում է հարձակումը լրջորեն նախապատրաստելու մեղադրանքը»,-հայտարարել են դատախազները՝ հավելելով, որ հետաքննությունը շարունակվում է։





























