Բոլոր քաղաքական ուժերը, բոլոր լիդերները և ոչ լիդերները էգոցենտրիկ են և ցանկացած քննադատական խոսք իրենց հասցեին վերածում են թշնամանքի։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը:

«Ես թշնամանք չունեմ ոչ առաջին նախագահի նկատմամբ, ոչ երկրորդի, ոչ երրորդ նախագահի նկատմամբ: Թշնամի չեմ նույնիսկ սրանց, բայց այս պահին մի բան կա, որ ես չեմ  ների: Իմ հայրենիքի հանձնման ստորագրությունը ես չեմ ների։ Իր կերպարն էլ անընդունելի է, բայց ոչ թե իր կերպարի անընդունելության պատճառով, այլ ինքը հանձնել է իմ հայրենիքը։ Ես Արցախում չեմ ծնվել, չեմ մեծացել, ընդամենը երկու տարի ծառայել եմ այնտեղ: Բայց Արցախն իմ հայրենիքն է, ինչպես իմ հայրենիքն է Սիսը, Մուշը, Վանը, իրական և ոչ իրական Հայաստանի յուրաքանչյուր թիզը իմ հայրենիքն է:

Բայց երբ որևիցե մեկի հասցեին քննադատական խոսք ես հնչեցնում, անձնական թշնամության են վերածում: Ինչո՞ւ պիտի երկրորդ նախագահը երրորդ նախագահի հետ  ինչ-որ թշնամական հարց ունենա, ինչու՞ պետք է վերածել քննադատություն անձնական թշնամանքի։ Մենք հայերս չենք կարողանում փոխադարձ բանավեճը, գաղափարական անհամաձայնությունը չվերածելու անձնական թշնամանքի»,-ասաց նա: