ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակ Թեմի Բրյուսը ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ Միացյալ Նահանգները մոտ ապագայում սպասում է Իրանի հետ բանակցությունների ևս մեկ փուլի։
Այսպես է նա պատասխանել լրագրողի հարցին, թե արդյոք Իրանի հետ շաբաթ օրը Հռոմում նախատեսված բանակցությունների չորրորդ փուլը հետաձգվե՞լ է, թե՞ չեղարկվել։
«Իրանի հետ բանակցությունների չորրորդ փուլին Միացյալ Նահանգների մասնակցության հաստատում չկար, որն, ըստ որոշ տեղեկությունների, պետք է տեղի ունենար շաբաթ օրը Հռոմում, չնայած որոշ հաղորդագրություններում նշվում էր, որ ժամկետները դեռևս հաստատված չեն», -հայտարարել է Թեմի Բրյուսը։ Նա հավելել է որ իրավիճակը փոխվում է, բայց Սպիտակ տանն ակնկալում են, որ մոտ ապագայում կլինի բանակցությունների ևս մեկ փուլ, շեշտելով, որ ամերիկյան կողմը մտադիր չէ խորանալ բանակցությունների մանրամասների մեջ։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների չորրորդ փուլը հետաձգվել է։
Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղային լրագրողներին հայտնել է, որ Իրանի և Միացյալ Նահանգների միջև շաբաթ օրը Հռոմում նախատեսված անուղղակի բանակցությունները հետաձգվել են օմանցի միջնորդների առաջարկով՝ հավելելով, որ նոր ամսաթիվը կհայտարարվի ավելի ուշ։
Այսօր բանակցությունների նախորդ փուլերի միջնորդությամբ հանդես եկած Օմանի արտգործնախարար Բադր Ալբուսաիդին ևս հաստատել է բանակցությունների հետաձգման մասին տեղեկությունը։
«Տեխնիկական պատճառներով հետաձգում ենք ԱՄՆ-Իրան հանդիպումը, որը նշանակվել էր շաբաթ օրը՝ մայիսի 3-ին։ Նոր ամսաթվերը կհայտարարվեն փոխադարձ համաձայնությամբ»,-նշել էր նա։
Ավելի վաղ Axios-ը հայտնել էր, որ Իրանի և ԱՄՆ-ի միջև շաբաթ օրը նախատեսված անուղղակի բանակցությունները, ինչպես նաև Իրանի և E3-ի միջև ուրբաթ անցկացվելիք հանդիպումը կհետաձգվեն մինչև հաջորդ շաբաթ։





























