Մարտին ԱՄՆ-ը իրականացրել է Talon-A բազմակի օգտագործման հիպերձայնային սարքի երկրորդ հաջող փորձարկումը: Այս մասին նշվել է երկուշաբթի Պենտագոնի հրապարակած գրավոր հայտարարությունում։
Stratolaunch-ի բազմակի օգտագործման հիպերձայնային սարքի առաջին հաջող փորձարկումը տեղի է ունեցել 2024թ. դեկտեմբերին, սակայն այդ մասին չի հրապարակվել։ «Երկու փորձարկումների ժամանակ Stratolaunch Talon-A հիպերձայնային սարքն արձակվել է Roc ինքնաթիռից, թռել է Խաղաղ օվկիանոսի վրայով եւ հասել մեծ արագության, որից հետո վայրէջք է կատարել Վանդենբերգ տիեզերական ուժերի բազայում»,- տեղեկացրել են պաշտպանության նախարարությունում։
Roc-ն այն ինքնաթիռն է, որը Stratolaunch-ն օգտագործում է որպես արձակման հարթակ: Այն ունի երկակի ֆյուզելյաժ։
Talon-A փորձնական սարքը կօգտագործվի հիպերձայնային զենքի համակարգեր մատակարարելու համար։ Բաղադրիչներ արտադրողները կկարողանան փորձարկել շարժիչները, սենսորները եւ հաղորդակցման սարքավորումները Talon-A-ի բազմակի օգտագործման տարբերակների վրա:





























