Իրաքում այսօր` հունվարի 5-ին, եւս մեկ պայթյուն է տեղի ունեցել, այս անգամ Էն Նասիրիա քաղաքի (Դի Քար գավառի վարչական կենտրոն) շրջակայքում: Շիա ուխտավորների խումբը պայթել է ճանապարհի եզրին տեղադրված ականների վրա: Պայթյունի հետեւանքով զոհվել է 5 մարդ, 20-ը` վիրավորվել: Այս մասին հաղորդում է AFP-ն:
Հիշեցնենք, որ այսօր մի քանի պայթյուններ են տեղի ունեցել Բաղդադի շիական շրջաններում: Ըստ վերջին տվյալների` այդ ահաբեկչությունների զոհ է դարձել 29 մարդ:
Իրաքից ամերիկյան զորքերի դուրս բերումից հետո գրոհայինների հարձակումները երկրի տարբեր քաղաքներում շատացել են: Բաղդադում դեկտեմբերի 22-ին տեղի է ունեցել պայթյունների շարք, որը խլել է ավելի քան 60 կյանք: Հիշեցնենք, որ վերջին ամերիկյան զինվորը լքել է Իրաքը 2011 թվականի դեկտեմբերի 18-ին:




























