Եգիպտոսի գլխավոր դատախազությունը նախկին նախագահ Հոսնի Մուբարաքի, ներքին գործերի նախկին նախարար Հաբիբ ալ-Ադլիի եւ նրա վեց տեղակալների նկատմամբ պահանջում է մահապատիժ կիրառել` կախաղանի միջոցով: Այդ մասին տեղեկացնում է եգիպտական «ՄԵՆԱ» գործակալությունը:
Հիշեցնենք, Մուբարաքը եւ Եգիպտոսի ՆԳՆ նախկին նախարարը մեղադրվում են 2011թ. սկզբին ժողովրդական զանգվածային խռովությունների ընթացքում ցուցարարներին գնդակահարելու մեջ: Մուբարաքի դատական գործընթացը վերսկսվել է դեկտեմբերի 28-ին` եռամսյա դադարից հետո եւ անցկացվում է ամեն օր: Նախկին ղեկավարի դատավճիռը պետք է կայացվի նախքան Թահրիր հրապարակի դեպքերի մեկ տարին լրանալը. այն լրանում է մարտ ամսին:
Դատախազության կարծիքով`եգիպտական նախկին նախագահը մեղավոր է մարդկանց մահվան մեջ, չնայած նրան, որ ոչ մի ապացույց չկա, որ նա ցուցարարների նկատմամբ զենք կիրառելու հրահանգ է տվել:
«Հանրապետության նախագահը պատասխանատու է ժողովրդի անվտանգության համար, այդ պատճառով հարցը նրա հրաման տալը չէ: Հարկավոր է պարզել, թե ինչու նա չի միջամտել բռնությունը դադարեցնելու համար»,- դատական նիստի ընթացքում իր ելույթում նշել է գլխավոր դատախազության ներկայացուցիչ Մուսթաֆա Սուլեյմանը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Նա հավելել է, որ պետության ղեկավարը չէր կարող անտեղյակ լինել հունվարի 25-ին եգիպտական մի շարք նահանգներում բռնկված խռովություններից:




























