Չինաստանում բարձրագույն կրթություն ստանալ ցանկացող հայ ուսանողների համար հրաշալի հնարավորություն էր այսօր՝ մայիսի 16–ին, Երևանում անցկացված Չինաստանի առաջատար համալսարանների ցուցահանդեսը։ Այն արդեն կազմակերպվում է երրորդ տարին անընդմեջ՝ ուսանողներին, աշակերտներին և Չինաստանում կրթությամբ հետաքրքրվողներին տալով հնարավորություն անձամբ հանդիպելու բուհերի ներկայացուցիչներին, տեղեկանալու ընդունելության գործընթացի, կրթաթոշակների, մասնագիտությունների մասին։

Չինաստանի 40 առաջատար համալսարաններ էին մասնակցում ցուցահանդեսին, այդ թվում՝ 3 համալսարան, որոնք ներառված են Շանհայի վարկանշային ցանկի թոփ 50-ի շարքում։

Հայաստանում Չինաստանի նորանշանակ դեսպան Լի Սինվեյն իր ելույթում ընդգծեց, որ վերջին տարիներին ամբողջ աշխարհում նկատվում է «չինարենի բում»։ Նրա խոսքով՝ հայ-չինական հարաբերություններում չինարենի դասավանդումն այսօր դարձել է ամենաակտիվ և արագ զարգացող հումանիտար ոլորտներից մեկը։

«2009 թվականից՝ Հայաստանում Կոնֆուցիուսի ինստիտուտի հիմնադրումից ի վեր, ՀՀ կառավարության աջակցության և երկու կողմերի դասախոսների ու ուսանողների համատեղ ջանքերի շնորհիվ, հայ երիտասարդների շրջանում չինարենի ուսուցման նկատմամբ հետաքրքրությունը զգալիորեն աճել է։ Չինաստանի բարձրագույն կրթական համակարգն ընդգրկում է բազմաթիվ ուղղություններ և համաշխարհային մասշտաբով համարվում է առաջատար բազմաթիվ ոլորտներում։ Այս ցուցահանդեսը հրաշալի հնարավորություն է այն հայ երիտասարդների համար, ովքեր ցանկանում են ուսանել Չինաստանում», – նշեց դեսպանը։

Լի Սինվեյն նաև հորդորեց հայ ուսանողներին օգտագործել ընձեռվող հնարավորությունները՝ ընդլայնելու իրենց աշխարհայացքը, զարգացնելու մասնագիտական հմտությունները և դառնալու հայ-չինական համագործակցության դեսպաններ տարբեր ոլորտներում։

Ցուցահանդեսի կազմակերպիչն է Չինարեն լեզվի միջազգային քննությունների կենտրոնը, իսկ համակազմակերպիչը՝ Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի Կոնֆուցիուսի ինստիտուտը։

Չինարեն միջազգային քննությունների կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Խուան Լեյն իր ելույթում նշել է, որ ապագայում նախատեսում է խորացնել համագործակցությունը Հայաստանի հետ՝ ավելացնելով HSK քննության կենտրոնների թիվը։ Նա հավելել է, որ հայ-չինական կրթական համագործակցությունը նոր ազդակ կհաղորդի երկու երկրների հարաբերություններին և կնպաստի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության շրջանակում մարդկային ռեսուրսների զարգացմանը։

Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտոր Դավիթ Գյուրջինյանը նույնպես կարևորել է չինարենի ուսուցման զարգացումը Հայաստանում՝ նշելով, որ նախորդ ցուցահանդեսները զգալի ազդեցություն են ունեցել հասարակության շրջանում չինական կրթական համակարգի նկատմամբ հետաքրքրության աճի վրա։

«Այս ոլորտում համագործակցության ներուժը մեծ է և հեռանկարային։ Մեր համալսարանը միջբուհական համագործակցության շրջանակում արդեն ակտիվորեն աշխատում է մի շարք չինական բուհերի հետ։ Չինական համալսարանների ցուցահանդեսը կարևոր հարթակ է, որը նպաստում է Չինաստանի կրթության հեղինակության բարձրացմանը և նրա դերի ամրապնդմանը համաշխարհային կրթական տարածքում», – նշել է Գյուրջինյանը։

Ցուցահանդեսի կազմակերպիչները, մասնակիցներն ու այցելուները միակարծիք էին՝ Չինաստանի բուհական համակարգը հայ ուսանողներին առաջարկում է բարձրորակ կրթություն և կարիերայի աճի իրական հնարավորություններ, ինչը կրթությունը Չինաստանում դարձնում է առավել գրավիչ և հեռանկարային։

718d0a84-141b-4cf0-bc27-dcd818b64db9.jfif (29 KB)

2dab4b74-fc11-4473-b509-ad8912d0fd8e.jfif (29 KB)