ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը մեկնաբանել է 2022 թ. սեպտեմբերին Ջերմուկի ուղղությամբ Ադրբեջանի ագրեսիայի կապակցությամբ ՀԱՊԿ-ի գործողությունների վերաբերյալ Երևանի դժգոհությունը։ Հիշեցնենք, որ ագրեսիայի արդյունքը եղավ ՀՀ ինքնիշխան տարածքի օկուպացիան։
Հարցին, թե գործողությունները չեն համապատասխանել ստեղծված իրավիճակին, ռուսաստանցի նախարարը նկատեց, որ ՀԱՊԿ-ի շրջանակներում արձագանքն անհապաղ է եղել, իրավիճակին ծանոթանալու առաքելության առաջապահ խումբը մեկնել է տեղ, օպերատիվ զեկույց է ներկայացրել իրավիճակի կայունացման համար ՀԱՊԿ առաքելություն ուղարկելու կոնկրետ գործնական առաջարկներով, այնտեղ նշված է եղել դիտորդների թիվը, սպառազինությունը, որը պետք է լիներ։
Նախարարը հիշեցրեց, որ զեկույցը քննարկվել է հոկտեմբերին Երևանում՝ ՀԱՊԿ գագաթնաժողովի շրջանակներում, պետությունների և կառավարությունների ղեկավարների հանդիպման նախօրեին։ Համաձայնեցված տեքստը հայկական կողմն առաջարկել է հետաձգել։ «Մենք համաձայնեցինք, և որոշ ժամանակ անց՝ նոյեմբերին, հայտարարվեց ԵՄ առաքելության մասին, և Պրահայում հայտարարվեց, որ Լեռնային Ղարաբաղի պատկանելության վերաբերյալ դիրքորոշումը փոխադարձ հիմունքներով, որը հաստատեցին Բաքուն և Երևանը, որոշվում է Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա։ Ըստ որի՝ ԼՂԻՄ-ը Ադրբեջանի մաս էր կազմում։ Սա բավականին անսպասելի էր, քանի որ 2020 թ. նոյեմբերին՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև ռազմական գործողությունների թեժ պահին, երբ ՌԴ նախագահը ԱՀ նախագահի և ՀՀ վարչապետի հետ խմբագրում էր հրադադարի մասին պայմանավորվածությունը, Լեռնային Ղարաբաղի պատկանելության հարցը գիտակցաբար թողնվել էր փակագծերից դուրս՝ ջենթլմենական պայմանավորվածություն, որ կարգավիճակը ենթակա է կողմերի միջև հետագա համաձայնեցման։ Տեղի ունեցավ այն, ինչ տեղի ունեցավ»,- նշել է Լավրովը՝ իրավիճակի ավելի լավ ընկալման համար հիշեցնելով ոչ մեկ տասնամյակ տևած բանակցությունների մասին, երբ մի քանի անգամ թվում էր, թե ահա-ահա համաձայնություն կձեռք բերվի։ Չեն քննադատում նրան, ով ոչինչ չի անում։ Մենք հենց ջանում էինք, նկատեց նախարարը։
Իր հերթին, ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը նշել է, որ 2022 թ. օգոստոսին ռուսաստանյան կողմը միջնորդական առաջարկ է ներկայացրել, որին Հայաստանը համաձայնել է, Ադրբեջանը՝ ոչ։ Սեպտեմբերին տեղի ունեցավ հարձակում և ՀՀ տարածքային ամբողջականության խախտում, միջազգայնորեն ճանաչված սահմանների խախտում։ Տեղի ունեցածի մասին տեղեկացրել են դաշնակիցներին՝ և՛ ՌԴ-ին, և՛ ՀԱՊԿ-ին։ Նախարարի գնահատմամբ, գործողությունները ՀՀ-ի համար անբավարար էին։ Հոկտեմբերին Պրահայում տեղի ունեցավ քառակողմ հանդիպում, որտեղ հաստատվեց այն ընկալումը, որ Հայաստանն ու Ադրբեջանը փոխադարձաբար ճանաչում են տարածքային ամբողջականությունը Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա։
Նախարարը նաև հավելեց, որ ԼՂ հարցում ՀՀ դիրքորոշումը երկար տարիներ չեն կիսել միջազգային գործընկերները, այդ թվում՝ ՌԴ-ն, որը բարձր մակարդակով ընդգծել է ԼՂ-ի պատկանելությունը Ադրբեջանին։