Հայաստանն անկախության ձեռքբերումից հետո բոլոր տարիներին օգտագործել է ռուսական զենք, այդ թվում՝ 7 շրջանների գրավման համար, որոնց երբեք պաշտոնապես չի հավակնել։ Այս մասին Երևանում կայացած մամուլի ասուլիսին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ պատասխանելով ՀՀ ինքնիշխան տարածքի և Լեռնային Ղարաբաղի օկուպացիայի համար Ադրբեջանի կողմից ռուսական զենքի օգտագործման մասին հարցին։

«Հայաստանի առաջին ղեկավարներից ոչ մեկը երբեք չի առաջարկել Լեռնային Ղարաբաղը ճանաչել որպես անկախ կազմավորում։ Ռուսական զենքն օգտագործվել է անվիճելի ադրբեջանական շրջանների գրավման համար և այնտեղ ամրաշինական ու մարտական գծերի կառուցման համար, որոնք ցույց էին տալիս, որ հաշվարկը տարածքների շատ երկարատև պահպանման վրա էր։ Որոշ վերլուծաբաններ ասել են, որ ընդհանրապես չէին նախատեսում փոխանցել Ադրբեջանին»,- նկատեց Լավրովը՝ ավելացնելով, որ ռուսական զենքն օգտագործվում է նաև Աֆրիկայում։ Մոզամբիկի դրոշի վրա, օրինակ, Կալաշնիկովի ինքնաձիգ է պատկերված։