Եթե կա տեղեկատվություն, որ ներսում մարդ կա, առաջին տեղում մարդու կյանքը փրկելուն ուղղված աշխատանքներն են։ Այս մասին, այսօր՝ մայիսի 23–ին, Ազատի կացարանի հրդեհի գործով դատական նիստում հայտարարեց Փրկարար ծառայության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի պետի տեղակալ Արսեն Սարոյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչպես է գնահատում այն, որ հրշեջները գնացել են, տեսել են, իմացել են, որ ներսում մարդիկ կան ու 25 տոննա ջուր են մղել։

Հարցին՝ հրշեջներն իրավունք ունեի՞ն զոհված զինծառայողների դիերը այդտեղից դուրս բերել, նա պատասխանեց. «Իրավունքը չեմ կարող ասել, բայց գիտեմ, որ իրենք են դուրս բերել»։

Սարոյանը հայտարարեց, որ Մխիթար Կարապետյանն ասել է՝ զինվորները եղել են «մահճակալների սենյակում», ինքն ընկալելէ՝ «մահճակալների վրա» եւ այդպես է հայտարարել հարցազրույցում։

Տուժողներից մեկի հարազատը հարց ուղղեց. «Այսինքն «սենյակում» ու «վրա» բառերը այդքան իրար մո՞տ էին», Սարոյանը պատասխանեց, որ ինքը ներողություն է խնդրում սխալվելու համար։

«Վարչապետն էլ ներողություն խնդրեց 15 երեխու համար»,–արձագանքեց հարազատն ու շարունակեց. «Որեւէ մի անգամ խոսակցությունների ժամանակ լսե՞լ եք «մահճակալների սենյակ» արտահայտությունը։ Սովորաբար ասում են՝ ննջասենյակ կամ քնասենյակ։ Եթե դուք անկեղծ լինեք, այստեղ շատ այլ բաներ կասեիք, անկեղծ չեք։  Քանի՞ օր հետո եք իմացել, որ սխալ եք ընկալել։ Երբ որ ծնողներն էդ հարցի շուրջ արդեն աղմուկ հանեցին, նոր որոշեցիք ուղղել։ Հնարավո՞ր է՝ ինչ–որ մեկը ձեզ զանգեց, ասեց՝ այս խոսքի տակից ո՞վ է դուրս գալու։ Դուք իմ հարցի պատասխանը չունեք, որովհետեւ դասատուն հաշվի չի առել, թե ուրիշ ինչ հարց կարող են ձեզ էստեղ տալ, որ «ճիշտ» պատասխանեք»։

ԱրՍեն Սարոյանը միայն նշեց, որ նախ լսել է զինվորի ասածը, որ վազվզոցի ձայներ են լսվել, եւ նաեւ հիմք է ընդունել Մխիթար Կարապետյանի ասածը որպես ականատես. «Ես անկեղծ եմ ասում,  իմ սխալունքն է եղել, ես չգիտեմ ոնց ասեմ, որ ինձ հավատաք»։

«Ոնց էլ ասես, քեզ չեմ հավատալու»,–արձագանքեց հարազատը։

Մեկ այլ տուժողի հարազատ էլ հարց ուղղեց. «Էդ ո՞նց եղավ, որ Արգիշտի Քյարամյանը նստած քո կողքին, Աննա Վարդապետյան էլ կողքը,  որ Պետրոս Ղազարյանը քեզ ասել ա՝ այսպես կասես, դու ասեցիր, նրանք էլ հավանություն տվեցին։ Բա նրանց ասածը ո՞նց ես հերքում։ Դու ասեցիր, Արգիշտի Քյարամյանն ու Աննա Վարդապետյանը գլուխներով հավանություն տվեցին, Փաշինյանը էլ ծափ տվեց։ Հլը մի անգամ պատասխանի՝, ինչի՞ համար սուտւ խոսացիր»։

Հիշեցնենք, որ հունվարի 19-ին, ժամը 01:30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետեւանքով զոհվել է 15 ժամկետային զինծառայող, 7 զինծառայող տեղափոխվել է  Վարդենիսի հոսպիտալ, նրանից չորսը բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել, 3–ը՝ ծանր վնասվածքներով տեղափոխվել Երեւան՝ Այրվածքաբանության ազգային կենտրոն:

Դեպքից անմիջապես հետո պաշտոններից ազատվել են 2-րդ բանակային կորպուսի հրամանատարը եւ եւս 7 բարձրաստիճան զինվորականներ։

Ողբերգությունից ժամեր անց վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում ներկայացրեց պաշտոնական վարկածը, ըստ որի սպան բենզին է լցրել վառարանի վրա, ինչից հետո, երբ կրակն իրեն է անցել, «ինքնապաշտպանական բնազդով» բենզինի 5 լիտրանոց տարան նետել է կացարանի ուղղությամբ, ինչն էլ հրդեհի պատճառ է դարձել։

Նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ ՔՕ 532-րդ հոդվածի 4-րդ մասով (զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու եւ ավելի անձի մահ) եւ վարույթ՝ ՔՕ 550-րդ հոդվածի 3-րդ մասով (զինվորական պաշտոնեական անփութության հատկանիշներով, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ), որը կցվել է մայր վարույթին։

Հավելենք, որ զոհերի ծնողները չեն հավատում պաշտոնական վարկածին: Նրանք կարծում են, որ կատարվածը դիտավորություն է եղել, եւ որ տղաները մահացած են եղել նախքան հրդեհը։ Նրանցից շատերը պատմում են տղաների եւ սպաների միջեւ եղած լարված հարաբերությունների մասին։