Եվրամիությունը եւ ՆԱՏՕ-ն Սլովակիայի համար կենսական գործառնական միջավայր են: Կառույցների այս ինտեգրումը Եվրոպայում եւ իմ երկրում դրել է խաղաղության եւ բարգավաճման հիմքերը: Այս մասին այսօր՝ մայիսի 26-ին, «Երեւանյան երկխոսություն 2025» միջազգային համաժողովի բացման ժամանակ իր ելույթում հայտնել է Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն։

«Եվրամիությանն անդամակցության շնորհիվ Սլովակիան ունեցել է քաղաքական, սոցիալական եւ տնտեսական զարգացում եւ հասել որակի այնպիսի մակարդակի, որն այլապես անհնար կլիներ պատկերացնել: Աջակցություն, խոր համագործակցություն ԵՄ-ի հետ եւ ինտեգրում տնտեսական ոլորտներում, որոնք կարող են նպաստել մեր քաղաքացիների բարեկեցության աճին:

Սակայն դա չի նշանակում, թե մենք չենք կարող քննադատաբար վերաբերվել ԵՄ որոշ քաղաքականությանն ու որոշումներին։ Օրինակ, իմ կառավարությունը դեմ է Եվրոպական հանձնաժողովի վերջին առաջարկներին՝ ամբողջությամբ դադարեցնել Ռուսաստանից էներգակիրների ներմուծումը։ Սլովակիան վճռական քայլեր է ձեռնարկում էներգետիկ ռեսուրսների դիվերսիֆիկացման համար։ Մենք հասկանում ենք մեկ մատակարարից չափից ավելի մեծ կախվածության ռիսկերը: Բայց ԵՄ ներկայիս առաջարկը, իմ կարծիքով, անհեռատես է։ Կարծում եմ, որ դա կվնասի մեր մրցունակությանը եւ էներգետիկ անվտանգությանը, հատկապես ատոմային էներգետիկայի ոլորտում, քանի որ մոտ ապագայում Սլովակիայի ռեակտորների համար սերտիֆիկացված այլընտրանքային վառելիք չի լինի»,- ասել է Ռոբերտ Ֆիցոն։