Ըստ որոշ գնահատականների՝ մոտ 20 հազար աշխատատեղ Սլովակիայում կարող է հայտնվել սպառնալիքի տակ, եթե առեւտրային պատերազմը Միացյալ Նահանգների հետ սրվի։ Այս մասին այսօր՝ մայիսի 26-ին, «Երեւանյան երկխոսություն 2025» միջազգային համաժողովի բացման ժամանակ իր ելույթում հայտնել է Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն։

Նա ընդգծել է, որ ավտոմոբիլային արդյունաբերությունը Սլովակիայի տնտեսության ողնաշարն է։

«Այդ իսկ պատճառով մենք պետք է ակտիվացնենք առեւտրային հարաբերությունները ազատ առեւտրով շահագրգիռ երկրների հետ եւ դիվերսիֆիկացնենք մեր արտահանման ուղղությունները»,- ընդգծել է Սլովակիայի վարչապետը։

Նրա խոսքով՝ Սլովակիան փորձում է նոր գործընկերային հարաբերություններ կառուցել իր արտաքին քաղաքականության մեջ։

«Ես այցելում եմ աշխարհի շատ երկրներ եւ անում եմ հնարավորը Ասիայի, Աֆրիկայի կամ Հարավային Ամերիկայի մեր գործընկերների հետ հարաբերություններում ներդրումներ կատարելու համար: Մենք Կորեայի Հանրապետության եւ Չինաստանի հետ մեր հարաբերությունները հասցնում ենք ռազմավարական գործընկերության մակարդակի։ Եվ մենք աշխատում ենք Հնդկաստանի, Ինդոնեզիայի, Ճապոնիայի եւ Վիետնամի հետ հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ»,- նշել է նա։

Ռոբերտ Ֆիցոյի խոսքով՝ Սլովակիան, որպես ոչ մեծ, բաց եւ արտահանման կողմնորոշում ունեցող տնտեսություն, դժգոհ է առեւտրային պատերազմներից եւ անբարեխիղճ առեւտրային պրակտիկայից։